Տնտեսական

30.06.2014 10:23


Փոթորիկը տակնուվրա է արել ողջ Վարդենիսը. 1000-ից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում

Փոթորիկը տակնուվրա է արել ողջ Վարդենիսը. 1000-ից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում

Հունիսի 29-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ժամը 16:00-16:30-ի սահմաններում Վարդենիսում բարձրացած փոթորիկը, կարելի է ասել, հիմնովին պոկել ու կոտրել է Վարդենիս քաղաքի Սախարով, Երևանյան, Սպենդիարյան փողոցների գրեթե բոլոր բնակելի տների տանիքները, պատուհանները: Անգամ արմատախիլ է արել հաստաբուն ծառերը: Ինչպես Վարդենիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամից մինչ այս պահը ողջ Վարդենիսում անջատված է էլեկտրականությունն, ու դադարեցված է գազամատակարարումը, քանի որ բազմաթիվ տների գազի խողովակներ պոկվել են, և կոտրվել են էլեկտրասյուները:

Ըստ նախնական հաշվարկի՝ վնասի չափն անցնում է մի քանի միլիոնը: Բնակիչները չգիտեն՝ ինչ անեն. միայն գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տարեց բնակիչներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման արհավիրք վերջին 50 տարիների ընթացքում իրենք չեն տեսել: Տների մեծ մասն էլ վնասվել է անձրևից, և բաց տանիքից ներս թափվող անձրևը, պարզ է, թե ինչ հետևանքներ կբերի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 1000-ից ավելի բնակիներ «մնացել են կոտրած տաշտակի առաջ»:
Փոթորկից կան նաև տուժածներ՝ երեխաներ, ովքեր վնասվածքներ են ստացել պոկված տանիքներից, պատուհաններից: Բարեբախտաբար, գոնե նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Վարդենիսցիներն ասում են՝ երբ գալիս են համամասնական, ՏԻՄ ընտրությունները, միայն այդ ժամանակ են թեկնածուները հիշում իրենց և դռնեդուռ ընկած խոստանում բոլորին, որ ամեն ինչ կանեն ընտրվելու դեպքում: Նրանք նշեցին, որ եթե օգնության ձեռք չմեկնեն իրենց, ապա իրենք փակելու են միջպետական ճանապարհը, այնուհետ նստացույց են անելու Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը