Մեկնաբանություն

01.07.2014 00:20


«Պահապան հրեշտակն» ու «արդարադատությունը»

«Պահապան հրեշտակն» ու «արդարադատությունը»

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Դա տեղի է ունեցել իր զարմիկի մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում։ Ըստ տարածված լուրերի՝ Օսիպյանի զարմիկը դանակահարել է մի քաղաքացու։

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ փոխոստիկանապետի դեմ գործ հարուցելու համար հիմք է ծառայել «Ազատություն» կայքի հրապարակումն այն մասին, թե Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա:

Թե որքանով են ճիշտ «Ազատության» տեղեկությունները, կերևա առաջիկայում։ Տվյալ դեպքում էականը հարուցված քրեական գործն է։

Այս պատմությունն ուշագրավ չէր լինի, եթե դրա «հերոսներից» մեկը Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգի հավատարիմ ծառաներից մեկը չլիներ։

Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի փոխոստիկանապետ Օսիպյանը իշխանական բուրգի «պահապան հրեշտակներից» է, ով իր «նյու բազազի» ֆունկցիան կատարում է «պոլիցայի» էնտուզիազմով։

Քաղաքական ու քաղաքացիական ակտիվ կյանքով ապրող մարդիկ, ինչպես նաև հասարակական–քաղաքական կյանքին առնչվող լրահոսին հետևողները շատ լավ գիտեն Օսիպյանին։ Նա մշտապես գտնվում է փողոցային պայքարի կիզակետում և իր մարմնով պաշտպանում է կեղծված ընտրությունները, Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի մասնավոր բիզնես–շահերը, հոսանքի ու գազի թանկացումները, տրանսպորտի գնի ավելացումը, կարմիր գծերն ու տեսախցիկները։ Մի խոսքով, Օսիպյանն այնտեղ է, ուր կա օրենքի խախտում, ՀՀ քաղաքացու շահերի ոտնահարում և ընտրական իրավունքի բռնաբարում։ Նա պաշտպանում է խախտողներին, ոտնահարողներին ու բռնաբարողներին։

Այժմ քրեական պատմության մեջ է հայտնվել Օսիպյանի եղբոր որդին։ Փոխոստիկանապետը, թերևս, մտածել է, որ կարող է օգտվել իր «իրավունքից» և օգնության հասնել հարազատին, քանզի «պահապան հրեշտակի» ուսադիրներ է կրում։ Բայց պարզվել է, որ այն, ինչ կարելի է, օրինակ, Լիսկային, չի կարելի Օսիպյանին, քանզի վերջինս գործիք է, իսկ Լիսկան՝ գաղափարակից ընկեր և համակարգաստեղծ սուբյեկտ։

Օսիպյանը ինֆորմացված մարդ է։ Նա ներսից գիտի, որ Սերժի եղբայր Սաշիկի որդին ընկերների հետ միասին ոտքից ու գլխից հրազենային վնասվածք է հասցրել իր հետ վիճողներին։ Այդ դեպքի հետ կապված նույնիսկ քրեական գործ չի հարուցվել, քանզի կրակողն ու կրակվող կողմի հարազատներն իրար հետ լեզու են գտել, իսկ համապատասխան մարմիններն էլ իրենց ռետինե խողովակի տեղ են դրել։

Օսիպյանը նաև գիտի, որ Լիսկայի տան բակում մարդ սպանեցին ու մարդ վիրավորեցին, և հիմա սերժենք սպանվողին ու վիրավորին են մեղավոր ճանաչում։

Օսիպյանը պետության իրավապահ համակարգի ներկայացուցիչ է ու տեղյակ է, որ պետական միջոցների տոտալ թալան է տեղի ունենում։ Այդ թալանչիներին ինքը պաշտպանում է անձնուրացաբար։

Այս ամենն իմանալով և իր ջանքերը գնահատելով՝ Օսիպյանը փորձեց միջամտել եղբոր որդու մասնակցությամբ քրեական գործին ու «քաշվեց»։ «Քաշվեց», որովհետև չգիտեր ամենակարևորը. Սերժի համար ընտրաձայն բերողն ու «խփած» տոկոսը պահողը տարբեր «սորտի» մարդիկ են։ Առաջիններն անփոխարինելի են, իսկ երկրորդները՝ հակառակը։ Օսիպյանը շատ բան գիտի, բայց սրա մասին նոր իմացավ։

Հայաստանյան իրողությունները, ինչպես նաև Սերժին մատուցած Օսիպյանի ծառայությունները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ամենահաս փոխոստիկանապետն «անարդարության» զոհ է դառնում, քանի որ բազում ապօրինություններ պաշտպանելով, փաստորեն, «բոնուս» չի ունեցել մեկ անգամ գոնե անձնական նպատակով ապօրինությունից օգտվելու համար։

Օսիպյանի հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի համար իր նեղ շրջապատից դուրս բոլորը «վինտիկներ» են, ու նա հանգիստ կարող է «փուռը» տալ ամենքին ու յուրաքանչյուրին՝ դրանով իսկ ցույց տալով, որ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման պայմաններում ապօրինություններից օգտվելը միայն ու միայն վերևի նեղ շերտի իրավունքն է, իսկ ուսադիրավորները, անկախ իրենց «հրեշտակային» կարգավիճակից, ընդամենը օգտագործվողներ են։

Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանի դեմ գործ հարուցելը, բնականաբար, բացարձակապես կապ չունի մեր երկրում արդարադատության հաղթանակի հետ, մանավանդ որ բոլորս գիտենք, թե ինչպես է Ս. Սարգսյանը նախագահ դարձել 2008թ. ու դրանից հետո։

Օսիպյանի դեմ քրգործ հարուցելն ընդամենը ցույց է տալիս, որ իշխանական բուրգի ներսում հավասարների ու ավելի հավասարների միջև խոր անհավասարություն կա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը