Լրահոս

01.07.2014 10:18


Սերժ Սարգսյան. «Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը»

Սերժ Սարգսյան. «Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը»

Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը Երևանում մեկնարկած «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում ի մասնակիցներին:

«Ի սրտե ողջունում եմ «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:

Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը հաստատում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլաևիչ Բորդյուժայի` 2013 թ. հունիսին արված այն առաջարկության պահանջվածությունը, որ Երևանում անցկացվեն ամենամյա միջազգային ֆորումներ ընդլայնված կազմով` ինչպես կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրների գիտափորձագիտական շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մաղթելով հաջող մեկնարկ և արգասաբեր աշխատանք` ուզում եմ հույս հայտնել, որ ֆորումը կդառնա այն ակադեմիական հարթակը, որտեղ տեղի կունենա խաղաղարարության` որպես խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման համակարգի կարևոր տարրի վերաբերյալ կարծիքների և գաղափարների փոխանակում:

Միջազգային կազմակերպությունների խաղաղարարական օպերացիաները էական դեր են խաղում արդի աշխարհում: Դրանք խաղաղ միջոցներով` հակամարտող կողմերի միջև երկխոսության հարուցման ու հաստատման ճանապարհով, ներքին և միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարևոր գործիք են: Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը:

Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր պետություն, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ մեկտեղ հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը` որպես անվանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարևոր միջոցի: Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գերակայությունների կարևոր բաղադրատարրն է միջազգային ու տարածաշրջանային անվանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունը:

Հույս ունեմ, որ ձեր գիտաժողովը կծառայի խաղաղարարական ոլորտում համագործակցության գիտակիրառական գործիքարանի հետագա հարստացմանը, կարևոր ներդրում կկատարի անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համախմբման, զինված հակամարտությունների կանխման և ծագող հակամարտային ու ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման գործում:

Չեմ կասկածում նաև, որ ձեր արտահայտած գաղափարներն ու առաջարկությունները պահանջված կլինեն և կծառայեն կառուցողական երկխոսության զարգացմանը այն բոլոր պետությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնք ընդունում են ՀԱՊԿ-ի գործունեության սկզբունքները, այդ թվում` խաղաղարարության ոլորտում»:

Այս խորագրի վերջին նյութերը