Լրահոս

03.09.2009 09:49


Դատարան են ուղարկվել քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու համար 4 ոստիկանների վերաբերյալ քրեական գործերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում՝ շուկայի մոտ, քաղաքացիների  նկատմամբ  բռնություններ կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 4 ոստիկանների մասով նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ առավոտյան, Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ  գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործին կցվել են ոստիկաններին մեղադրանք առաջադրելու հիմք հանդիսացած տեսագրությունները, որոնք ՀՔԾ-ին է ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ կատարված բռնություններին նախորդած իրադարձություններն արտացոլող տեսագրությունը, որը նախաքննական մարմնին է տրամադրել մի քաղաքացի, ում նկատմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ, 98 1-րդ, 98 3 -րդ եւ 99-րդ հոդվածներով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ են կիրառվել: Ներկայացնելով նշված տեսագրությունը պարունակող լազերային  սկավառակը՝ վկան հայտնել է, որ հեռուստատեսությամբ դրանք ցուցադրվել են մասնակի, իսկ  ամբողջական տարբերակը  ձեռք է բերել ընդդիմության ներկայացուցչից, ում հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը