Մեկնաբանություն

02.07.2014 13:50


Կադրերն են բացահայտում ամեն ինչ

Կադրերն են բացահայտում ամեն ինչ

Սերժ Սարգսյանի կառավարման որակի մասին պատկերացումներ կարելի է կազմել ոչ միայն պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալով, այլ նաև նրա կադրային քաղաքականությանը հետևելով։

Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը «ունիկալ» է։ Այն բացարձակապես կապ չունի պետական խնդիրները լուծելու հետ, քանզի պետական խնդիր ՀՀԿ ղեկավարը չի լուծում։ Նա լուծում է միայն իր անձնական բիզնես–խնդիրները և սեփական աթոռի պահպանման խնդիրը։ Կադրային քաղաքականությունն էլ իրականացվում է նշյալ խնդիրների լուծման համար։

Սերժ Սարգսյանը սրան կամ նրան պաշտոնի նշանակելիս առաջնորդվում է սեփական չափորոշիչներով։

Որքան վարկաբեկված է մարդը, որքան հակված է կոռուպցիոն գործիք դառնալուն, որքան դիլետանտ է նա, որքան անհայրենիք է, որքան շատ է դավաճանել նախկին թիմակիցներին, որքան զրո է կադրը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կդառնա Սերժ Սարգսյանի սիրելին և կվերածվի անփոխարինելի կադրի։

Անշու՛շտ, Սերժ Սարգսյանի համար ամենաօրինակելին Տիգրան Սարգսյանն էր և պատահական չէ, որ նա սրտի խոր կսկիծով հրաժարականի ուղարկեց նախկին վարչապետին. չլիներ քառյակի սպառնալիքը, Ս. Սարգսյանը երբեք շատ–շատ սիրելի Տիգրանից չէր բաժանվի։

Իսկ օրինակելի էր Տիգրանը Սերժի համար այն պարզ պատճառով, որ համապատասխանում էր բոլոր չափորոշիչներին։ Տիգրանը վարկաբեկված էր (է), նրան չէին ընդունում ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հանրության լայն շերտերը և հատկապես բիզնես–դասը։ Նախկին վարչապետը «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք էր Սերժի համար, հաճույքով ու էնտուզիազմով էր իրականացնում «ատկատների» ու կեղծ «տենդերների» գործը, տերտերական առոգանությամբ «կռուգլի» դիլետանտ էր (է), Հայաստանը դիտարկում էր (է) որպես խոպան, այսինքն՝ անհայրենիքի մեկն էր (է), մշտապես փոխել էր քաղաքական ճամբարները և վերջապես՝ որպես քաղաքական սուբյեկտ զրո էր (է)։ Ահա այս որակներն էին, որ Տիգրան Սարգսյանին երկար ժամանակ պահում էին վարչապետի աթոռին։

Սերժի սիրած պաշտոնյանի մյուս կերպարը Յուրի Վարդանյանն է, ով համաձայնել էր որպես գործիք ծառայել Սերժի ձեռքում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «մուտիտներ» անելու գործում։

Ուշագրավն այն է, որ հանգամանքների ճնշման տակ ստիպված լինելով աշխատանքից ազատել Տիգրանին ու Յուրիին՝ Սերժը նրանց պետության հաշվին ուղարկեց թոշակի՝ նշանակելով դեսպաններ՝ համապատասխանաբար ԱՄՆ–ում և Վրաստանում։ Այդ նշանակումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Սերժ Սարգսյանի համար պետական խնդիրները ութերորդական նշանակություն ունեն կամ որևէ նշանակություն չունեն։

Մյուս տիպաժը, որ դուր է գալիս Սերժ Սարգսյանին՝ դա երիտբոլշևիկն է։ Սերժն այս տեսակին տեղ է տալիս, քանզի անհայրենիքների նոր սերունդը որևէ հետագիծ չունի ու շան պես կարող է ծառայել «Վերջի բոլշևիկին», որովհետև սեփական կարիերայով պարտական է միայն «առաջնորդին»։

Ինքնին հասկանալի է, որ բազում կոմպլեքսներով տառապող Սերժի համար անընդունելի և անհանդուրժելի են քաղաքական կենսագրություն, անցած ճանապարհ, սեփական տեսակետ ու սեփական «ես» ունեցող մարդիկ։

Սերժ Սարգսյանը մարդու թույլ տեսակ է և պարզապես ցնցումների մեջ է ընկնում ուժեղ մարդկանց ներկայությամբ։ Դա է պատճառը, որ նա սիրում է իրեն շրջապատել գեղամյանատիպ «մեռելներով» և տարատեսակ հաճախորդներով։ Այդպես նա իրեն ապահով է զգում։ Զրոներով շրջապատված լինելը նաև հնարավորություն է տալիս Սերժին առաջնորդ զգալ իրեն։

Ամբողջ կյանքում սրա կամ նրա ստվերի տակ լինելով՝ Սերժը միշտ ձգտել է առաջինը դառնալ, և ահա այդ հնարավորությունը նա ստացել է։ Արդյունքում՝ կոմպլեքսները դուրս են հորդում վարար գետի պես։

Սերժի տիպի մարդիկ շատ կան աշխարհում, բայց աշխարհում քիչ պետություն կա կամ ընդհանրապես չկա, որտեղ Սերժի տիպի մարդը դառնում է ղեկավար։

Այն մտածողությունը որն ունի Սերժը պարզապես հակացուցված է պետությանը, անգամ հետամնաց պետությանը։ Եվ միայն զարմանալ կարելի է, թե ինչպես է ՀՀ–ն վեց տարի դիմանում նրա ասպատակությանը։

Փաստորեն, որքան պոտենցիալ ունի մեր պետությունը, որ Սերժի պես ավերիչ ղեկավարը դեռ չի կարողանում վերջնականապես ոչնչացնել այն։ Չարժե, սակայն, ինքնահանգստացմամբ զբաղվել ու հույս ունենալ, որ եթե մինչև այսօր Սերժին չի հաջողվել փլել Հայաստանը (դե՛, Ղարաբաղն էլ հետը), ապա դա նրան չի հաջողվի երբեք։ Նման էքսպերիմենտների ժամանակ ու ռեսուրս մենք չունենք։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի սիրելի կադր դառնալու համար կարևոր նախապայման է ՀՀ նախկին նախագահների հետ կամուրջներն այրելն ու նրանց դեմ կռիվ տալը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի դեմ օգտագործվելու պատրաստակամություն հայտնելը։ Նայեք, թե ովքեր են շրջապատում Սերժին ու կտեսնեք, որ կադրերը բացահայտում են ամեն ինչ։

Հ.Գ.-2: Սերժը դեսպանի ու խորհրդականի պաշտոնները դարձրել է «բեզռազմեռնի» ու «բեսպրեդելնի»։ Խորհրդական նշանակում է նախկին պաշտոնյաներին, որպեսզի «աբիժնիկ» չդառնան կամ գոնե մեղմեն «աբիժնիկությունը» և այլ ճամբար չանցնեն։

Դե իսկ դեսպանների նշանակումները հիմնականում վերածվել են հարսի (տվյալ դեպքում՝ պետության) հետույքով փեսուն (տվյալ դեպքում՝ դեսպան նշանակվողներին) լավություն անելու պես մի բանի։ Ըստ այդմ՝ դեսպաններ նշանակվում են կա՛մ դրսի մեծահարուստ հայ մարդիկ, ովքեր կանխիկ վճարի դիմաց դառնում են դիվանագիտական անձնագրի տեր ու տվյալ երկրում պաշտպանում են իրենց բիզնես–շահերը, կա՛մ Տիգրանի ու Յուրիի պես թիմակիցները, կա՛մ Արա Սահակյանի պես հաճախորդները։

Ինչպես տեսնում եք, պետական խնդիրներ այս նշանակումներով չեն լուծվում։ Սերժին նման «մանր» հարցերը չեն հետաքրքրում։

Այս խորագրի վերջին նյութերը