Լրահոս

02.07.2014 14:22


Հերթը ժողովրդի ոտքի կանգնելունն է (տեսանյութ)

Հերթը ժողովրդի ոտքի կանգնելունն է (տեսանյութ)

ԱԺ ոչիշխանական «քառյակն» ամեն ինչ անելու է էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կասեցնելու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել են ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները։

Նրանք նշել են, որ իշխանությանը փող է պետք, և այն ստանալու համար նա երկու ճանապարհ ունի՝ դրսից պարտք վերցնի և ներսում սակագներ բարձրացնի։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ընդգծել է, որ քաղաքական ուժերը միայնակ՝ առանց ժողովրդի, ի վիճակի չեն փոփոխությունների հասնել, դրա համար հասարակությունն էլ պետք է համապատասխան քայլերի դիմի.

–Ժողովուրդն ինքն արդեն պետք է հասկանա, որ իր իրավունքի պաշտպանությունը միայն «քառյակի» խնդիրը չէ՛. նախևառաջ, հենց ի՛ր խնդիրն է։ Ես միամիտ չեմ. իսկապես գիտեմ, որ իշխանությունը ոչինչ էլ չի անելու, ցանկություն չունի՛ բան անելու, ու փող էլ շատ են սիրում։ Ուզո՞ւմ եք՝ Հայաստանում արտագաղթ չլինի, ոտքի՛ ելեք, կանգնե՛ք,–ասել է Ա. Մանուկյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը չկատարի «քառյակի» 12 կետերը, ապա իրենք աշնանն արդեն կտրուկ քայլերի կգնան.

–Վստահեցնում եմ՝ մեր ձգտումը ցնցումները չեն, այլ իշխանափոխությունը խաղաղ ձևով անելը։ Մենք կոչ ենք անում իշխանությանը խոհեմության դաշտ գալ։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս նշել է, որ «քառյակը» տե՛ր է իր 12 պահանջներին, և ներկայանում է ռեալ այլընտրանքով.

–«Քառյակը» քաղաքական այն գործոնն է, որն անհրաժեշտ է պետությանը։ Այն ներկայանում է ռեալ այլընտրանքով ու պատրաստ է իրականացնել՝ ինչ ասում է։ Իսկ եթե մինչև նշված ժամկետը չկատարվեն այդ 12 կետերը, «քառյակը» կանի այն, ինչ խոստացել է ժողովրդին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս ընդգծել է, որ «քառյակի» 12 կետերը շատ ծանրակշիռ են, և միտված են պետության հանրային ոլորտի կտրուկ բարեփոխմանը։

–Վստահ եմ՝ իշխանությունները մանրամասն ուսումնասիրել են դրանք, բայց եթե պահը բաց թողնեն, մենք հետամուտ ենք լինելու մեր խոսքերի իրականացմանը,–ասել է Մ. Մելքումյանը՝ ավելացնելով, որ փոփոխությունների պետք է ձգտել գնալ առանց սոցիալական ցնցումների և երկրի համար պայթյունավտանգ իրավիճակի։

Մանրամասները՝ «7օր»-ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը