Լրահոս

03.09.2009 12:44


«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Մշտապես կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի՝ որպես հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորումը, երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահության զգացողության փարատումը եւ լարվածության մեղմացման անհրաժեշտությունը, «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը այդուհանդերձ.

Ա) անթույլատրելի ու անընդունելի է որակում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության կողմից հասարակությանը կայացած փաստերի առաջ կանգնեցնելու արատավոր գործելաոճը, որը կրկնվեց 2009թ. օգոստոսի 31-ին' Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված երկու արձանագրությունների ի հայտ գալուն պես: 2009թ. ապրիլի 22-ի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունից 1 օր անց «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջել էր «անհապաղ գաղտնազերծել եւ երկու երկրների հասարակություններին ներկայացնել «Ճանապարհային քարտեզի» և «երկու երկրների հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի» դրույթները»: «Ժառանգությունն» իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հիշյալ համաձայնությունները հանրությանը ներկայացվեցին ոչ թե ՀՀ իշխանությունների կողմից ու կամոք, այլ գաղտնի պահվեցին, մինչ միջազգային հանրությունը գործընթացը շարունակելու շահախնդրությամբ նպատակահարմար համարեց դրանցից մի մասի գաղտնազերծումը: «Ժառանգությունը» հայտարարում է, որ նման գործելաոճը հարվածում է առաջին հերթին գործընթացի վստահելիությանը, այն դեպքում երբ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կուսակցության կողմից գնահատվել էր պատմական ու ժամանակակից փակուղիները, բաժանարար հարցերը ժամանակին ու փոխշահավետ լուծելու նորաբաց հնարավորություն, որն արդեն մոտ է կորսվելուն:

 

Բ) վրդովված է, որ ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունների ու միջազգային դիվանագետների կողմից ներկայացվել է, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը երկուստեք ընթանում է առանց նախապայմանների, մինչդեռ հրապարակված երկու արձանագրությունները վկայում են, որ 1991թ-ից հայ եւ միջազգային հանրությանը քաջ հայտնի թուրքական նախապայաններն ուղղակիորեն տեղ են գտել դրանցում: Դրանց հեռահար նպատակն է պարտադրել Հայաստանին. ա) հետահայաց վավերացնել 20-րդ դարասկզբի թուրք-բոլշեւիկյան համաձայնագրերը, որոնք անդառնալի հարված են հասցրել հայ ժողովրդի շահերին, բ) միակողմանի հաշտվել 1915թ. Ցեղասպանության եւ Հայրենասպանության, Հայոց Մեծ Հայրենազրկման իրողությունների ու հետեւանքների հետ, գ) հրաժարվել անհատական ու հավաքական փոխհատուցման միջազգային իր իրավունքներից, դ) վիժեցնել պատմական ճշմարտության միջազգային ճանաչման գործընթացը: Ապաշնորհ հայկական դիվանագիտության արդյունքում ոչ միայն տեղ է թողնվել թուրքական այս նախապայմանների ամրագրման համար, այլեւ շրջանցվել են հայ-թուրքական պատմական ու ժամանակակից բաժանարար հարցերի ու անվստահության հիմքում ընկած ազգային անվտանգության եւ հայկական կողմի իրավունքների վերականգնման հարցերը, որով կվերանար հայ-թուրքական բանակցային օրակարգի այլեւս փաստագրված անհամաչափությունը:

Գ) ահազանգում է, որ նախաստորագրված երկու արձանագրությունների այս տեսքով վավերացումը կործանարար ազդեցություն եւ անդառնալի հետեւանքների է հանգեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ Հայաստանը Թուրքիային նվիրաբերում է □ադրբեջանական տարածքային ամբողջականության շրջանակներում նրա հողերի բռնավազթումից խոսելու□ իրավունքը, մինչդեռ իրեն զրկում է իր հայրենիքը Թուրքիայի կողմից բռնազվթված լինելու պատմական փաստերից խոսելու իրավունքից: Արձանագրություններով Հայաստանը նաեւ անընդունելի պարտավորություններ է ստանձնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների նկատմամբ, այդ թվում հակամարտություններն ու դրանց պատճառները հաղթահարելիս Թուրքիայի հետ ընդհանուր դիրքորոշումներով ու քայլերով հանդես գալու հարցերում: Մինչդեռ թուրքական ավանդական ու նորագույն մոտեցումները եւ քաղաքականությունը պատմականորեն ոչ միայն ապակայունացրել են իրավիճակը, այլեւ հաճախ հակասել միջազգային իրավունքի ու հանրության օրինավոր պահանջներին:     

 

Ելնելով վերոգրյալից' «Ժառանգություն»կուսակցությունը'

 

1.      պահանջում է մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը դրանց վերաբերյալ հանրության կարծիքը ամփոփելու նպատակով առաջիկա 6 շաբաթների ընթացքում հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը' զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով,

2.      ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից սկսյալ' նախաձեռնելու է նման հանրաքվե անցկացնելու ստորագրահավաք, իսկ դրան զուգահեռ կամ դրա անհնարինության պարագայում դիմելու է ՀՀ կառավարությանը' □Հանրաքվեի մասին□ ՀՀ օրենքում իրեն վերապահված իրավասությունն իրականացնելու պահանջով,

3.      երկկողմ քննարկումներ եւ խորհրդակցություններ է սկսելու ընդդիմադիր, ինչպես նաեւ ոչ ընդդիմադիր այն կուսակցությունների հետ, ում դիրքորոշումները եւ քայլերը նշված հարցով ամբողջովին կամ մասամբ համընկնում են □Ժառանգության□ դիրքորոշումների հետ,

4.      առաջիկայում հրավիրելու է միջազգային իրավագետների, միջազգայանգետների եւ դիվանագետների ու այլ մասնագետների խորհրդակցություն' քննարկելու նախաստորագրված արձանագրությունները փոփոխելու հնարավորությունները, ինչպես նաեւ վերլուծելու ու կանխատեսելու դրանց' ուժի մեջ մտնելու արդյունքում բոլոր հնարավոր դիպաշարերը,

5.      եթե այլեւս անհնար գնահատի նախաստորագրված արձանագրությունների փոփոխությունը, ապա նախաձեռնելու է հավաքական եւ անհատական գործողություններ' ՀՀ շահերի վտանգմանը սպառնացող գործընթացները կասեցնելու ուղղությամբ,

6.      առաջիկայում խորհրդակցությունների շարք է սկսելու Սփյուռքի կազմակերպությունների' իբրեւ հայ-թուրքական պատմական դիմակայության լեգիտիմ կողմի հետ,

7.      կոչ է անում համայն հայությանը ստորագրահավաքով արտահայտել իր վերաբերմունքը առկա գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների ու Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ,

8.      դիմում է Ազգային անվտանգության խորհրդին' խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի եւ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ  նիստ հրավիրելու պահանջով,

9.      դիմելու է Սահմանադրական դատարան' ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում' պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելու պահանջով,

10.   ակնկալում է ԼՂՀ ղեկավարության եւ հասարակական-քաղաքական շրջանակների դիրքորոշումը սույն արձանագրությունների վերաբերյալ, որոնք միանշանակ անդրադառնալու են ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հետագա գործընթացի վրա:  

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը