Մեկնաբանություն

04.07.2014 09:03


Սերժ Սարգսյանի պարտիզանությունը

Սերժ Սարգսյանի պարտիզանությունը

Եթե հավատալու լինենք Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցների մատուցած պատկերին, ապա կունենանք հետևյալը. Սերժ Սարգսյանը պարտիզան է, ով, կոնսպիրոլոգիայի բոլոր ձևերի օգտագործմամբ, հայտնվել է հակառակորդի ճամբարում և անձնուրաց կռիվ է տալիս։ Ընդ որում, Սերժ Սարգսյանը պարտիզանություն է անում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական դաշտում։

Այսպես, «Գեբելսյան» քարոզչամեքենան ներքին կյանքի բոլոր մեղքերը բարդում է վերացական օլիգարխիայի, ՀՀԿ–ի, ոչիշխանական քառյակի և կոռուպցիոներ չինովնիկների վրա, բայց, արի ու տես, որ նրանց ցանկում չկա Սերժ Սարգսյանը։ Ավելի ճիշտ, կա, բայց զոհի և հարց չլուծողի կարգավիճակում։

Օրինակ՝ հոսանքը թանկանում է։ Մեղավոր են բոլորը՝ ռուսները, օլիգարխները, Հովիկ Աբրահամյանը, Կառավարությունը, Նազարյանի գլխավորած կամակատար հանձնաժողովը, բայց ոչ Սերժ Սարգսյանը։

Սերժը ՀՀԿ–ի ղեկավարն է, բայց նա կռիվ է տալիս այդ կուսակցությունում հայտնված չար օլիգարխների դեմ և ուզում է նրանց փողերը հավաքել ու բաժանել աղքատներին։ Սա նույնպես՝ ըստ «անկախ» մամուլի։ Թե քանի՞ հավի գլուխ նման «կտերով» կկարողանան ֆռռացնել, այլ խոսակցության թեմա է։

Սերժն, իրոք, կռիվ է տալիս ՀՀԿ–ականների դեմ (դրա ապացույցներից մեկն իր լրատվամիջոցների ամենօրյա հարձակումներն են նույն ՀՀԿ–ի դեմ), բայց ոչ թե նրանցից փողերը խլելու և աղքատներին բաժանելու (նման բաժանողներ բնության մեջ չեն լինում, իսկ եթե լինում են, ապա միայն ամենաանողոք բռնակալների տեսքով), այլ հայկական թուրքմենբաշի դառնալու շատ «միամիտ» ցանկությունը բավարարելու համար։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա «Գեբելսյան» քարոզչամեքենան «գտել» է Սերժի ձախողումները «դուրս գրելու» ձևը։ «Նախաձեռնողականության» խայտառակ արդյունքները բարդվում են Պուտինի, ՌԴ–ի և ... ոչիշխանական քառյակի վրա։ Սերժը ներկայացվում է որպես Մաքսային միության կազմում հայտնված պարտիզան, ով հոգու խորքում արևմտամետ է, և կռիվ է տալիս «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, բայց չի կարողանում հաջողության հասնել, քանի որ ... քառյակը չի թողնում։ Եվ, բացի այդ, Պուտինն ամեն առավոտ զարթնում է ու որոշում, թե ինչ վնաս պետք է տա հայերին։ Այսինքն, Պուտինը բան ու գործ չունի և մտածում է, թե ինչպես գործարք կնքի թուրքերի ու ադրբեջանցիների հետ, որ Սերժի պաշտպանած Ղարաբաղը հանձնի։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ռուսների հետույքից դուրս չեկող իշխանությունների համար հակառուսական հիստերիայի բարձրացումը Հայաստանի ներսում ունի շատ պրակտիկ նշանակություն։ Այդպիսով փորձ է արվում արտաքին դաշտում արձանագրվող պարտությունների մեղքը բարդել այլոց վրա, իսկ Սերժին ներկայացնել որպես կայսերապաշտ Պուտինի ձեռքը գերի ընկած զոհ։

«Գեբելսյան» քարոզչամեքենան առաջարկում է հայ ժողովրդին պահանջել Պուտինի հրաժարականը, կռիվ տալ Ռուսաստանի դեմ ու հանկարծ չմտածել ներսում բան փոխելու ուղղությամբ՝ «Սերժն ի՞նչ կարող է անել. ամեն ինչ չար Պուտինն է որոշում, և, հետևաբար, պետք է կռիվ տալ Կրեմլի, այլ ոչ թե Բաղրամյան 26–ի դեմ» ծրագրի շրջանակներում։

Իրականությունը, սակայն, այն է, որ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում առկա վիճակը Սերժ Սարգսյանի ուղղակի գործունեության արդյունք է, այսինքն՝ ինքն է այս ամենի պատասխանատուն, և հենց ի՛ր հարցերը պետք է լուծել։

Ի՞նչ է նշանակում՝ օլիգարխները թանկացրեցին հոսանքը։ Եթե օլիգարխ ասելով նկատի ունենք Սերժին ու նրան կցված երիտսաշիկներին, ապա, այո՛, օլիգարխները թանկացրեցին հոսանքը և Որոտանի կասկադի սեփականաշնորհմամբ ուզում են ավելացնել այդ ոլորտից ստացվող շահույթները։ Իսկ եթե օլիգարխի տակ հասկացվում են մականունավորները, ապա դա ախմախություն է և քարոզչական էժանագին «տրյուկ»։

ՀՀ թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է։ Հակառակը պնդողները լավագույն դեպքում անգրագետ են, իսկ որպես կանոն՝ «դհոլներ», կամ էլ՝ Սերժի թիմակիցներ։

Ի՞նչ է նշանակում՝ Պուտինն ու ՌԴ–ն են ՀՀ արտաքին քաղաքականության ձախողումների պատճառը։ Չկա՛ նման բան։ Միջազգային ասպարեզում Հայաստանի անկման պատճառները չի կարելի փնտրել ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում։ «Նախաձեռնողականության» հեղինակն է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը սպառնացող գործընթացների պատասխանատուն։

Եվ, ի վերջո, եթե Սերժը ներկայացվում է որպես հարց չլուծող ու զոհի կարգավիճակում հայտնված մեկը, ապա ի՞նչ գործ ունի նա նախագահականում։ Պարտիզան նախագահ չի՛ լինում։

Եկե՛ք, ուրեմն, ազատենք այդ պարտիզանին «գերությունից», որպեսզի նա «չտանջվի» ՀՀ քաղաքացիներից փող հավաքելու պատճառով։

Ախր, շա՜տ մեղք է «Վերջի բոլշևիկը»։ Ինքն իր համար Բաղրամյան 26–ում հանգիստ նստած՝ փողոցներից ու այլ տեղերից փող է հավաքում, բայց չար Պուտինը, քառյակը, Ռոբերտ Քոչարյանը և մյուս «մութ» ուժերը չեն թողնում, որ մարդն աշխատի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը