Մեկնաբանություն

04.07.2014 12:15


Մարտի 1-ով և մարտի 1–ի վրա

Մարտի 1-ով և մարտի 1–ի վրա

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարի ժամանակ խոսել էր ամբողջական իշխանափոխությունից և համոզմունք հայտնել, որ մեզ պետք է Հայաստան՝ առանց Սերժ Սարգսյանի նախագահության։

Սերժ Սարգսյանի թիմակիցները, ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր այդպիսին են համարվում, անմիջապես հակադարձեցին Հովհաննիսյանին։

Ուշագրավ էր ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արձագանքը։ Նա Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ «Մարտի 1» տեսավ։

«Ի՞նչ է, նորից մարտի 1 ե՞ն ուզում»,– «Ժառանգության» ղեկավարի՝ իշխանափոխության պահանջը մեկնաբանեց Բաղդասարյանը։

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Վահրամը «Մարտի 1»–ի թեման բացելով, բայց նրա խոսքերով ստացվում է, որ եթե մեր երկրում իշխանափոխության գործընթաց սկսվի, ապա իշխանությունը անպայման «Մարտի 1» կսարքի։ Հետևաբար, չի կարելի իշխանափոխության գնալ. «Նո՞ր «Մարտի 1» եք ուզում»։

Կամ էլ Վահրամն ուզում էր ասել, որ 2008–ի «Մարտի 1»–ի մեջ մեղավոր է ընդդիմությունը, և Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում է այն կրկնելու ցանկության մեջ։

«Մարտի 1»–ի թեման, ընդհանրապես, ամենասիրելիներից է բացառապես «Մարտի 1»–ի միջոցով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի համար։ Ընտրված է ամենադեմագոգիկ տեխնոլոգիան։ ՀՀԿ ղեկավարն, ըստ այդ տեխնոլոգիայի, 2008–ի մարտի 1–ի զոհն է։ Նա տանը բարձի տակ լացել է և միտինգներ արել չար Ռոբերտ Քոչարյանի դեմ, բայց ստիպված է եղել մարտի 1–ին տեղի ունեցածի արդյունքում հայտնվել Բաղրամյան 26–ում։

Բայց դե, իրականությունն այլ է։ Սերժն անձամբ է ղեկավարել արտակարգ դրությունը (կա համապատասխան հրամանագիրը) և բացի այդ՝ անձամբ է ղեկավարել (վարչապետի կարգավիճակով) Կառավարության շենքում գործող «շտաբ» կոչվածը։

Սերժն այժմ անձամբ է ղեկավարում «Մարտի 1»–ը Քոչարյանի վրա ամբողջությամբ կարելու քարոզչական արշավը, ինչը բարոյականից զատ՝ առաջացնում է նաև քաղաքական ու իրավական հարցեր։

Սերժը իշխանության եկավ մարտի 1-ով, բայց որոշել է մարտի 1–ի վրա հղում տալով՝ պահել իշխանությունը։

Հիմա եթե իշխանության ներկայացուցիչները բոլոր առիթներով խոսում են մարտի 1–ից, ապա դրանով հայտնվում են շատ խոցելի վիճակում։ Բայց դե, նրանց ոչնչով չենք կարող օգտնել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը