Մեկնաբանություն

05.07.2014 10:39


Տոն, որ մեզ հետ չէ

Տոն, որ մեզ հետ չէ

Այս տարի Սահմանադրության ընդունման օրը «տոնական» է այնքանով, որ վտանգված է բուն Մայր օրենքի ճակատագիրը, ըստ այդմ՝ երկրի ու ժողովրդի ճակատագիրը:

Ամեն ինչ փչացնելու վարպետ Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ, 2013-ի սեպտեմբերի 4-ին որոշում ստորագրեց «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասինմասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին»:

Շուրջը հավաքեց լիքը «սահմանադրագետների» եւ գործի անցավ:

Նշված հանձնաժողովի առաջին նիստին Սերժ Սարգսյանը մի շա՜տ հուզիչ ճառ արտասանեց, ասելով, որ չի ուզում ո՛չ նախագահ լինել եւ ո՛չ էլ վարչապետ: Վերջին պաշտոնին չի հավակնելու եթե այդ փոփոխություններով ընտրվի կառավարման խորհրդարանական համակարգ (իհարկե, թաքցնելով, որ ուզում է անցնել խորհրդային համակարգի ու կարգվել «գենսեկ»):

Ինչ վերաբերում է ԱԺ խոսնակի պաշտոնին, ապա այս մասով ոչինչ չասաց, եւ իր այդ խորհրդավոր լռությունը պահպանում է մինչ օրս:

Իսկ օրերս Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հետաձգել է Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը, այդպիսով հուլիսի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 15-ը:

Շատերը նրա այս քայլը բացատրում են աշնանը սպասվող քաղաքական զարգացումներով, մասնավորապես ոչիշխանական ուժերի՝ Քառյակի հրապարակային գործողություններով, որոնք Սերժ Սարգսյանին ստիպում են «ոտքը կախ գցել»:

Սակայն միայն Քառյակի հարցը չէ: Փաստն այն է, որ նշված հանձնաժողովի ձեւավորումից ի վեր սահմանադրական փոփոխությունների շուրջ էլիտար սրահներում անցկացվող նիստերի քննարկումների նկատմամբ բացարձակ անտարբերություն է դրսեւորում հանրությունը:

Ի դեպ, այդ քննարկումների մասնակիցների թիվը չնչին է՝ լինեն դրանք մայրաքաղաքում, թե մարզերում, միեւնույն է, քննարկումներն անցնում են գրեթե դատարկ դահլիճներում:

Ակնհայտ է, որ ժողովրդին ընդհանրապես չի հետաքրքրում այս հարցը: Որքան էլ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ հանձնաժողովականները պնդեն, թե երկրի զարգացումն ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, միեւնույն է, մարդիկ ոչ մի կերպ չեն հասկանում, ավելի ճիշտ՝ չեն ուզում հասկանալ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը։ Քանզի ցանկացած բանական մարդ համարում է, որ գործող Սահմանադրությունը ոչնչով չի խոչընդոտում երկրի զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, արտագաղթի եւ աղքատության ծավալների նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը, կոռուպցիայի նվազեցմանը, հարկային տեռորի դադարեցմանը եւ այլն:

Մարդը նստելով նախագահի աթոռին՝ վեց տարիների ընթացքում չի կարողացել, մեղմ ասած, նորմալ կառավարել երկիրը եւ հիմա փորձում է իր ձախողումները «հիմնավորել» Սահմանադրության անկատարությամբ: Անհեթեթությո՛ւն: Այդ պատճառով էլ ժողովուրդն անլուրջ է համարում Սերժ Սարգսյանի հերթական «նախաձեռնողական» քայլը:

Բայց ե՞րբ է նա հաշվի առել հանրության կարծիքը: Սույն գործընթացը նախաձեռնելով՝ Սարգսյանը լուծում է անձնական խնդիր՝ հավերժացնել սեփական իշխանությունը: Սա՛ է կարեւոր արձանագրելը: Մնացածը անկարեւոր եւ անէական բաներ են:

Հիմա էլ Գագիկ Հարությունյանը հայտարարում է, թե գործող Սահմանադրությունը իշխանակենտրոն է, ապագայինը պետք է լինի մարդակենտրոն: Զավե՛շտ:

Երեւի, այդ «իշխանակենտրոն» լինելու հանգամանքն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը արխային տոկոս էր խփում: Հիմա որ «մարդակենտրոն» լինի՝ էլ տոկոս չի խփի:

Ինչ ասենք, սպասենք ու տեսնենք, թե ինչով կավարտվի հանրության ուշադրությունը կարեւոր խնդիրներից շեղելու նպատակով մեկ տարի շարունակվող սահմանադրական շոուն:

Այդ հարցը կախված է Քառյակի դիրքորոշումից։ Եթե աշնանային գործընթացը ցանկալի մակարդակով կազմակերպվի, ապա ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հարցը դուրս կգա օրակարգից, այլ քաղաքական օրակարգի թիվ մեկ կետը կդառնա արդեն Սերժ Սարգսյանի հարցը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը