Մեկնաբանություն

05.07.2014 11:10


Պաշտպանել Սահմանադրությունը Սերժ Սարգսյանից

Պաշտպանել Սահմանադրությունը Սերժ Սարգսյանից

ՀՀ սահմանադրությունը 19 տարեկան է։ Այն ընդունվեց 1995–ի հուլիսի 5–ին և փոփոխության ենթարկվեց 2005թ. նոյեմբերի 27–ին։

Շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նորմերը չեն գործում, մարդու և քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն։

Շատ է խոսվում նաև Հայաստանի պետական կառավարման համակարգի մասին։ Ոմանք գտնում են, որ կիսանախագահականը ամենահարմարն է մեզ համար, ոմանք մաքուր նախագահական համակարգի կողմնակիցներ են, իսկ մյուսներն էլ կողմ են խորհրդարանականին։

Այսօր, սակայն, անիմաստ է մտնել մոդելային և բովանդակային քննարկումների դաշտ՝ կողմ կամ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների առանձին կետերին։

Նախ Սերժ Սարգսյանը վերջնականապես բռնաբարեց ընտրական ինստիտուտը՝ տոկոս «խփելու» ռեկորդներ սահմանելով։ Ասել է թե՝ զրոյական վստահություն կա Սերժի կազմակերպած ցանկացած ընտրական գործընթացի հանդեպ։

Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է երկրում նեոբոլշևիկյան ռեժիմ հաստատելու և ցմահ իշխելու նպատակով։ Ի դեպ, դա չի էլ թաքցվում։

Սահմանադրական փոփոխությունները միայն «Վերջի բոլշևիկին» են անհրաժեշտ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է պաշտպանել Սահմանադրությունը Սերժ Սարգսյանից։

ՀՀԿ ղեկավարը կեղծել է հնարավոր ամեն ինչ։ Կեղծել է ընտրությունները, «անկախ» լրատվամիջոցներին, «թունդ» ընդդիմադիրներին, «քաղաքացիականներին», փորձագետ կոչվածներին։

Սերժը կեղծել ու ոտնահարել է սահմանադրական ինստիտուտը, բայց եկել ու բախվել է անընդմեջ երկու ժամկետից ավել նախագահ դառնալու սահմանադրական արգելքին։

Հիմա նրան այդ արգելքն է խանգարում, որպեսզի կարողանա հա՛մ այսօր խուսափել «կաղ բադիկի» սինդրոմից, հա՛մ վաղը մնալ աթոռին։

Սերժը հաղթել է ՀՀ քաղաքացինեերին, բայց պարտվում է ՀՀ սահմանադրությանը։

Հետևաբար՝ Քառյակի և հանրության ակտիվ շերտերի խնդիրը պետք է լինի սահմանադրական փոփոխությունների սերժամետ գործընթացը տորպեդահարելը և հանրաքվեն վիժեցնելը՝ մինչև այդ հասնելով Սերժ Սարգսյանի հեռացմանը, իսկ եթե Սերժն այնուամենայնիվ հասցնի գնալ այդ քայլին և հանրաքվեի դնել «գենսեկական» սահմանադրության փաթեթը, ապա սահմանադրական հանրաքվեն պետք է համազգային հեղափոխության վերածել ու պաշտոնանկ անել «Վերջի բոլշևիկին»։

Գործող Սահմանադրությունը պետք է պաշտպանել ամեն ձևով, քանզի դրա ուժով է Սերժ Սարգսյանը հեռացվելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը