Մեկնաբանություն

05.07.2014 23:02


«Վերջի բոլշևիկի» ուղերձները

«Վերջի բոլշևիկի» ուղերձները

Սերժ Սարգսյանը փակ և ստվերային գործիչ է։ Նա խավարը գերադասում է լույսից և դա է պատճառը, որ խուսափում է հրապարակային քաղաքականությունից և հրապարակային խոսքից։ Եվ պատճառը միայն խիարի թարս աճելու մտավախությունը չէ։

Սերժ Սարգսյանն անգամ բնազդով է զգում, որ գործում է Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների դեմ։ Այդ իսկ պատճառով էլ գործում է «տակից» ու միջնորդավորված։

Սերժ Սարգսյանը լռում է։ Նրա փոխարեն խոսում են իր քայլերը, «անկախ» լրատվամիջոցները, «արևմտամետ» և «ռուսամետ» հաճախորդներն ու այլոց ձեռքերով գրված ուղերձները։

Կյանքը ցույց է տվել, որ «Վերջի բոլշևիկի» ուղերձները պետք է հասկանալ հակառակ իմաստով։

Երբ նա հայտարարում էր, թե հայ–թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են կարգավորվում, նշանակում էր, որ այդ հարաբերությունները նախապայմաններով են և այդ նախապայմաններն են Հայոց ցեղասպանության հարցը գործնականում մոռացության տալն ու Ղարաբաղի հարցում զիջումների գնալը։ Այդպես էլ եղավ և կա։

Երբ Սերժը հայտարարում էր, որ կազմակերպելու է լավ ընտրություններ, նշանակում էր, որ տեղի են ունենալու խայտառակ ու նախադեպը չունեցող ընտրակեղծիքներ։ Այդպես էլ եղավ։

Ավելի կեղտոտ տոկոս «խփել» Հայաստանում չէր եղել, քանզի մի բան է եղած որոշակի բազայի վրա կեղծիքներ գումարելը, և լրիվ այլ բան զրոյի վրա ձայներ գրանցելը։

Երբ Սերժ Սարգսյանն ու իր սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էին, թե տնտեսական ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, և մենք դեռ մի բան էլ օգտվելու ենք, նշանակում էր, որ Հայաստանը հայտնվելու է խոր ճգնաժամի մեջ ու համաշխարհային ռեկորդներ է սահմանելու բացասական իմաստով։ Այդպես էլ եղավ։

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ պետք է կոռուպցիոներներին գլխից բռնել, թույլ չտալ «ատկատներ» և խուսափել կեղծ «տենդերներից», նշանակում էր, որ գլխավոր կոռուպցիոներները (դե՛, իրենք, էլի՛) ավելի են «նագլիանալու», մեծանալու է «ատկատների» չափը և «տենդերների» միջոցով շարունակվելու է բյուջետային միջոցների տոտալ թալանը։ Այդպես էլ եղավ ու կա։

Հիմա, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ անհեթեթություն է Ղարաբաղն իրենից պաշտպանելը, դա հստակ ուղերձ է հայ ժողովրդին, որ Ղարաբաղը պետք է պաշտպանել Սերժ Սարգսյանից ու իրեն կցված գեղամյաններից։

Փաստ է, որ Սերժը համաձայնել է Հայաստանն ու Ղարաբաղը մանրադրամ դարձնել Ռուսաստան–Ադրբեջան ու Արևմուտք–Ադրբեջան հարաբերություններում՝ հանդես գալով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի շահերի սպասարկողի դերում։ Ասել է թե՝ Սերժի «և, և»–ի բուն էությունը հենց դա է՝ սպասարկել գերտերությունների շահերն ու սեփական նախաձեռնությամբ խաղալ Պետրոս Գետադարձի դերը՝ հանուն աթոռի ու չգիտեմ ուրիշ էլ ինչի (իշխանափոխությունը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել Սերժի շարժառիթների մասին)։

Սերժն այսօր նաև Սահմանադրությունից է խոսել։ Նրա ուղերձում մասնավորապես ասված է. «Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն»։

Նրա խոսքերը, բնականաբար, պետք է հասկանալ հակառակ իմաստով։ «Վերջի բոլշևիկի» իրական նպատակը այնպիսի համակարգային փոփոխություններ իրականացնելն է, որի պայմաններում մեզանում կձևավորվի նեոբոլշևիկյան հարաբերություններ, մեր երկիրը կհայտնվի խավարի ու գաղջի մեջ (Սերժի սիրած միջավայրը), իսկ ինքն էլ ցմահ կիշխի։

Սահմանադրական փոփոխությունները պետք են բացառապես Սերժին։ Նրա ուղերձը, հետևաբար, պետք է ընկալել որպես մարտահրավեր մեր պետականությանն ու գործուն քայլեր ձեռնարկել իշխանափոխության համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը