Լրահոս

03.09.2009 16:42


ՀՀԿ–ական պատգամավորը «Ժառանգության» անդամին մութ սենյակում սև կատու փնտրելու մեջ է մեղադրել

ՀՀԿ–ական պատգամավորը «Ժառանգության» անդամին մութ սենյակում սև կատու փնտրելու մեջ է մեղադրել

«Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը «Հայելի» ակումբում ասել է, որ իրենք չեն կիսում այն տեսակետները, թե Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունները ՀՀ-ի համար վտանգներ, մարտահրավերներ և սպառնալիքներ չեն պարունակում։

-Այս արձանագրությունների և նրանց շուրջ ընթացող բանակցությունների արդյունքում Թուրքիան իր համար ամենացանկալի նպատակներից մեկին հասել է և, կամա թե ակամա, մենք պետք է խոստովանենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ լուրջ դերակատարություն այսօր ստանձնել է Թուրքիան ևս,- նշել է Վ. Խաչատրյանը։

Նույն ակումբում հյուրընկալված ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն էլ այս կապակցությամբ ասել է, որ տվյալ թեզը շատ դժվար է վիճարկել մի անձնավորության հետ, ով մութ սենյակում փորձում է սև կատու գտնել։

-Արձանագրության մեջ որևէ արձագանք չկա ղարաբաղյան հակամարտությանը։ Միգուցե նաև կարելի է ասել, որ այս արձանագրությունն ուղղակի կապված է Կուրիլյան կղզիների պրոբլեմի հետ։ Այդ արձանագրություններում ամրագրված դրույթներն իրենց մեջ չունեն մեր ազգային և պետական շահերին վնասող որևէ հանգամանք և, միաժամանակ, ներդաշնակ են նաև բոլոր պնդումներին ու նպատակներին, որոնք տարիներ շարունակ՝ սահմանի փակման հաջորդ իսկ օրվանից, մեր պետությունը փորձել է լուծել,- ասել է Գ. Մինասյանը։

Ի դեպ, ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ «մենք  գտնվում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վերջին փուլի սկսզբում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը