Լրահոս

03.09.2009 17:10


Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել զանգվածային հրապարակային միջոցառում և երթ անցկացնելու մասին ՀՀՇ–ի իրազեկումը

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել զանգվածային հրապարակային միջոցառում և երթ անցկացնելու մասին ՀՀՇ–ի իրազեկումը

«Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը օգոստոսի 31-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ ս/թ. սեպտեմբերի 18-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին:
Ըստ իրազեկման՝ ս/թ. սեպտեմբերի 18-ին նախատեսվում է  զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որը մեկնարկելու է ժամը 17:00-ին՝ հանրահավաքով և ավարտվելու է երթով:
Իրազեկումը քննարկվել է ս/թ. սեպտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանում: Թեև զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչը պատշաճ կերպով ծանուցվել է իրազեկման քննարկման անցկացման օրվա և ժամի մասին, սակայն քննարկմանը չի ներկայացել:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրազեկման քննարկումը կարող է անցկացվել  իրազեկման հեղինակի բացակայությամբ:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Արարատ Զուրաբյանի՝ ս/թ. սեպտեմբերի 18-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին  իրազեկումը՝ միաժամանակ նշելով, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 17:00-ին և կավարտվի՝ 22:00-ին: Քննարկման արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ երթը պետք է անցկացվի իրազեկման մեջ նշված երթուղով՝ փողոցների ոչ երթևեկելի հատվածներով՝ չխաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրազեկման հեղինակը պատշաճ կարգով ծանուցվել է կայացված որոշման մասին: Որոշումը փակցվել է նաև Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիների ընդունելությունների սրահում՝ դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:

Երևանի քաղաքապետարան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը