Լրահոս

07.07.2014 11:34


Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Հուլիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.13–ին, տեղի ունեցած մագնիտուդը՝ հավասար 3-ի (բալը` էպիկենտրոնում 4), և հաջորդ օրը՝ ժամը 3 անց 34 րոպեին, մագնիտուդը՝ 4.3 (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել:

Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, և մասնագետները կարծում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:

Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 25 տարուց ավել, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել, և այսպիսի թույլ երկրաշարժերը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են:

Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»

Այս խորագրի վերջին նյութերը