Լրահոս

08.07.2014 09:38


Կայացել են հայ-արգենտինյան բարձր մակարդակի բանակցություններ

Կայացել են հայ-արգենտինյան բարձր մակարդակի բանակցություններ

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության և նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:

Ամադո Բուդուն ողջունել է Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի նրա այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլև այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության և վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարևորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը մի շարք ոլորտներում:

Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, և միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ափսոսանք հայտնելով, որ Նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չունի մասնակցելու բանակցություններին: Սերժ Սարգսյանը շուտափույթ կազդուրում և քաջառողջություն է մաղթել Արգենտինայի Նախագահին:

Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարևորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը և իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաև երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի և, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

«Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:

Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի և իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Սերժ Սարգսյանն այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում այսօր կայացել է նաև հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Օրվա ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը