Լրահոս

08.07.2014 11:46


Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ»

Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ»

Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանի՝ տրվել է պաշտոնական ճաշ:

Սերժ Սարգսյանի բաժակաճառը նրա պատվին տրված պաշտոնական ճաշին.

«Հարգարժա՛ն ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել հյուրընկալ արգենտինյան հողում, և ես շնորհակալ եմ այս ջերմ հյուրընկալության համար: Մեծ հաճույք է նաև գտնվել «Բարի քամիների» քաղաքում` տանգոյի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որն ինքնին լի է այդ պարի ոգով և մեղեդիներով:

Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել Արգենտինայի բարեկամ ժողովրդին գալիք տոնի` Արգենտինայի անկախության օրվա կապակցությամբ: Արգենտինական պետականության ակունքներին կագնած այրերի՝ գեներալ Սան Մարտինի և այլոց ազատատենչ տեսլականի շնորհիվ էր, որ արգենտինացի ժողովուրդը հետագա դարերի ընթացքում կերտեց իր այսօրվա հաջողությունների հիմքը:

Մաղթում եմ Արգենտինայի բարեկամ ժողովրդին առաջընթաց, բարեկեցություն և հաջողություն: Անցած երկու տասնամյակների ընթացքում երկուստեք մեծ աշխատանք է տարվել հայ-արգենտինական փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Պատահական չէ, որ Հայաստանն ու Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները հիմնեցին հենց միմյանց մայրաքաղաքներում: Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության մի շարք հեռանկարային ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն և այլն: Այստեղ մենք արդեն ունենք հպարտության արժանի ձեռքբերումներ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալով Արգենտինան աշխարհի պետությունների շարքում այսօր զբաղեցնում է երրորդ տեղը: Այս կարևոր ձեռքբերման մեջ, իհարկե, մեծ է մեր կողմից շատ սիրված արգենտինահայ անվանի գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանի դերը:

Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը: Մեր ցանկությունն է, որ Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածաշրջան: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ: Հայաստանում լավ են ճանաչում Արգենտինայի հարուստ մշակույթը՝ երաժշտությունը, գրականությունն ու կինոարվեստը: Տանգոյի ամենամյա փառա-տոնը, որն իրականցվում է Արգենտինայի դեսպանության հովանավորությամբ, դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից:

Որպես մշակութային կապերի հիշարժան դրվագ` ակամայից մտաբերեցի 2012թ. գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսը Բուենոս Այրեսից Երևանին փոխանցելու արարողությունը: Թերևս տեղին է այստեղ հիշատակել մեծն Բորխեսի խոսքերը. «Ամեն ոք յուրովի է պատկերացնում դրախտը. ես այն մանկուց պատկերացրել եմ որպես մեծ գրադարան»:

Տիկնայք և պարոնայք,

Օգտագործելով այս առիթը՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Արգենտինային, Նախագահ դե Կիրշներին և իր երջանկահիշատակ ամուսնուն, Նախագահ Նեստոր Կիշներին` Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած մեծ ավանդի համար: Սա առավել արդիական է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հայ և արգենտինացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում անգնահատելի դերակատարություն ունեն Արգենտինայում հաստատված հայերը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված այս հեռավոր և հյուրընկալ ափերում հայտնվել են հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով: Հիրավի, ճշմարիտ է ասված, որ փորձության պահին երբեք չգիտես, թե որտեղից կգա սփոփանքն ու հույսը: Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով: Սիրելի բարեկամներ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաև Հայաստանում ամենասիրված այդ մարզաձևը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոննայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ: Ավարտելով խոսքս՝ առաջարկում եմ բաժակ բարձրացնել և առողջություն մաղթել տիկին Նախագահին, բաժակ բարձրացնել ի փառս Արգենտինայի, նրա տաղանդավոր, աշխատասեր և բազմավաստակ ժողովրդի, ի հարատևություն հայ-արգենտինյան բարեկամության:

Կեցցե՛ն Հայաստանն ու Արգենտինան:

Կեցցե՛ հայ-արգենտինյան բարեկամությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը