Լրահոս

03.09.2009 18:52


Գյումրեցի քաղաքագետ. «Շիրակն այն հզոր մարզը չէ, որ շահի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից»

Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ գյումրեցի քաղաքագետ, «Կովկասյան կենտրոնի» տնօրեն  Արտուշ Մկրտչյանը  խիստ  դրական կարծիք ունի. «Բնականաբար, շատ լավ կարծիքի եմ. վերջապես գործընթացը տեղից շարժվեց: Այն մտավախությունը, որ ունեինք, որ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից հետո գործընթացը կանգ է առել, համաձայնագրերի ստորագրումից հետո փարատվեց»,- ասել է քաղաքագետը:

Իսկ ինչպիսի՞ կանխատեսումներ ունի Արտուշ Մկրտչյանը հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների առումով. «Գիտեք, սահմանի բացումը ինքնանպատակ չէ. սահմանն, ի վերջո, բացվելու է. դա կարող է լինել մեկ ամիս կամ մեկ տարի հետո, սակայն սահմանի բացումը հայ-թուրքական բազմաշերտ հարաբերությունների միայն մի փոքր մասն է: Այդ հարաբերություններում  առկա են դիվանագիտական, տնտեսական, մշակութային հարաբերությունների և միջկառավարական հանձնաժողովների ստեղծման խնդիրները, որոնք շատ ավելի էական են, քան սահմանի բացումը:

Այն հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզը բավականին երկար սահման ունի Թուրքիայի հետ, և այստեղով է անցնում Գյումրի-Կարս երկաթգիծը, շիրակցիները կարո՞ղ են ակնկալել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից տնտեսական էական դիվիդենտներ կստանան, քաղաքագետը  լավատեսական պատասխան չուներ. «Եթե Շիրակի մարզն ունենար համապատասխան ՏԻՄ իշխանություններ, ապա այս դեպքում կարելի էր լուրջ ակնկալիքներ ունենալ: Սակայն ունենք այն, ինչ ունենք, և ես չեմ կարծում, որ տնտեսական  էական փոփոխություններ տեղի կունենան մարզում:

Շիրակի մարզն այն հզոր մարզը չէ, որը կարող է լուրջ դիվիդենտներ ստանալ այդ հարաբերություններից»:

Իսկ Գյումրիի սովորական բնակիչները բավականին զգուշավորությամբ են հետևում իրադարձությունների զարգացումներին՝ չհավատալով, որ սահմանը մոտակա ժամանակահատվածում կբացվի: Շատերը նույնիսկ սահմանի բացման պարագայում լուրջ ակնկալիքներ չունեն, որ իրենց կենսամակարդակը թռիչքային կերպով կբարձրանա. «Ժողովուրդն ի՞նչ պիտի շահի. մի երկու օլիգարխ դևի պես կնստեն սահմանի վրա, բոլոր եկամտաբեր բիզնեսները կառնեն, իսկ հասարակ ժողովուրդը ճորտի պես չնչին գներով ծառայելու է իրենց»,- կարծիք է հայտնել գյումրեցի Վաղարշակ Մկրտչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը