Լրահոս

09.07.2014 13:36


Արթուր Բաղդասարյանի համար Սերժ Սարգսյանն ապագա չէ (տեսանյութ)

Արթուր Բաղդասարյանի համար Սերժ Սարգսյանն ապագա չէ (տեսանյութ)

«Օրինաց երկիր» կուսակցության հրավիրած հանրահավաքը լինելու է սոցիալական բնույթի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշել է ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ բացի բոլորին հուզող սոցիալական հարցերից՝ հնչելու են նաև քաղաքական գնահատականներ։ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի ներկայացվելու։

–Սերժ Սարգսյանն ի՛նքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին։ Նախ՝ նա Սահմանադրության համաձայն՝ չի կարող այլևս առաջադրվել նախագահի պաշտոնում, և հետո՝ ինքը հայտարարել է, որ չի հավակնում նաև լինել Հայաստանի վարչապետ։ Եվ ընդամենը 2,5 տարի հետո Հայաստանում, ուզենք թե չուզենք, մեկնարկելու են խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Իսկ ընդհանրապես, ես Հայաստանում չեմ բացառում գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը,–ասել է Ա. Բաղդասարյանը։

Որպես հիմնավորում՝ նա նշել է, որ վերջին 23 տարում նման իրավիճակ չի եղել, երբ խորհրդարանում 5 կուսակցություն լինի մի կողմում, մեկ կուսակցություն՝ այլ կողմում.

–Տեսնում ենք, որ օրենքները շատ դժվար են անցնում, և նաև այդպիսի քվեարկությունների լեգիտիմության աստիճանը չափազանց ցածր է։ Երբ մի կուսակցություն որոշում և քվեարկում է, իսկ 5 կուսակցության ձայնը չի լսվում, դա բերելու է ներքին քաղաքական գործընթացների է՛լ ավելի սրման։

Արտահերթ նախագահական ընտրությունները, սակայն, Ա. Բաղդասարյանը բացառում է հետևյալ պատճառներով.

–Արդեն իսկ նախագահական երկրորդ ժամկետը մոտենում է իր ավարտին։ Եվ հետո, արտահերթ նախագահական ընտրությունները նշանակում են շատ ավելի լուրջ ցնցումներ հասարակության մեջ։ Մենք պետք է կարողանանք հասնել հեղափոխության համոզմունքին։ Վերևներն այլևս չեն կարողանում, ներքևներն էլ այլևս չեն ուզում։ Մարդիկ այս վիճակը չեն կարողանում հանդուրժել։

Ինչ վերաբերում է հետագայում ևս Սերժ Սարգսյանի հետ իր համագործակցության հնարավորությանը, Ա. Բաղդասարյանը չի պատկերացնում, թե ինչ համագործակցության մասին կարող է լինել խոսքը։

–Համագործակցություն կարող է լինել ապագայի՛ շուրջ։ Ապագայում՝ 2–3 տարի հետո, ինչպես հայտարարել է ինքը՝ Սերժ Սարգսյանը, այլևս այդ գործընթացներում չկա։ Հետևաբար, ո՞ւմ հետ մենք համագործակցենք։ Մենք համագործակցելու ենք այն ուժերի հետ, ովքեր մեր քաղաքական օրակարգը կիսում են, և մեզ հետ միասին պատրաստ են այդ արժեքային համակարգը Հայաստանում դարձնել իրականություն։ Երեք տարի հետո Հայաստանը սկսում է զարգացման մի նոր փուլ,–ասել է Ա. Բաղդասարյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը