Տնտեսական

10.07.2014 11:05


Նաիրիտցիները գոհ չեն Կառավարության պատասխաններից

Նաիրիտցիները գոհ չեն Կառավարության պատասխաններից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտվանից «Նաիրիտի» աշխատողները հավաքվել են գործարանի դիմաց, որտեղից երթով շարժվել են Կառավարության շենք։

Քիչ առաջ «7օր»–ի թղթակիցը տեղեկացրեց, որ աշխատողներին է (մոտ 1000) հանդիպել ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «ավետել», որ աշխատողներին կվճարվի 1 ամսվա աշխատավարձ, սակայն չի հստակեցրել, թե երբ։ Նախարարը հիշեցրել է երկրի ծանր սոցիալական վիճակը, ապա հավելել, որ մինչ այս պահը «տանը նստածներին» էլ աշխատավարձեր են վճարել այստեղից–այնտեղից հայթայթած վարկերով։ Ինչ վերաբերում է գործարանի հետագա ճակատագրին, ապա, նախարարի խոսքերով, սեպտեմբերի 15–ին վերսկսվելու են բանակցությունները «Ռոսնեֆտի» հետ։ Ե. Զախարյանի անորոշ պատասխանները, սակայն, որևէ կերպ չեն սփոփել ցուցարարներին։ Այնուհետև նրանց մոտ է իջել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի ձայնն էլ գրեթե լսելի չի եղել։ Մի խումբ աշխատողներ մտել են Կառավարություն՝ ավելի ստույգ տեղեկություններ ստանալու։

Հիշեցնենք, որ «Նաիրիտն» աշխատողներին պարտք է մեկ տարուց էլ ավելի աշխատավարձ, իսկ գործարանի գլխին կուտակված ամպերը շարունակում են թանձրանալ։ Դեռ 2013–ի սեպտեմբերի 3-ին (ի դեպ, «տարօրինակ» զուգադիպությամբ, հենց այդ օրը ՍերԺ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային միությանը) «Ռոսնեֆտի» ղեկավար Ի. Սեչինը հայտարարեց, թե պատրաստվում է 500 մլն ներդնել «Նաիրիտում» և վերագործարկել այն: Նախատեսվում էր «Հին Նաիրիտին» կից՝ բացել նոր արտադրամաս, որը զբաղվելու էր անվադողերի արտադրությամբ։

Շուտով կլրանա այդ հայտարարության 1 տարին, իսկ քիմիական հսկան դեռ կաթվածահար է։ Բանն այն է, որ ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել գործարանն առանց պարտքերի։ «Նաիրիտի» համախառն պարտքը, մայիսի վերջի դրությամբ, կազմում էր մոտ 400 մլն դոլար: Պարտատերերից են «Հայռուսգազարդը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», հայկական մի քանի բանկեր, ԱՊՀ միջպետական բանկը, մատակարարներ և այլք: Հենց այս հարցի շուրջ էլ կողմերի համաձայնության չգալը բանակցությունները մտցրեց փակուղի։ Տարածված խոսակցությունների համաձայն՝ «Ռոսնեֆտին» այլևս չի հետաքրքրում գործարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը