Տնտեսական

10.07.2014 15:37


Արմեն Պողոսյան. «Մեծածախ ջրի թանկացումը կանդրադառնա սպառողի վրա»

Արմեն Պողոսյան. «Մեծածախ ջրի թանկացումը կանդրադառնա սպառողի վրա»

Այսօրվա ասուլիսին «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշել է ջրի սակագնի մինչև 95 դրամ նվազման պայմանագրի մասին. «Իսկ մենք դեռ խոսում ենք ջրի գնի բարձրացման մասին: Գների բարձրացումն ունի իր տրամաբանությունը, և ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետք է խոսել, թե պետությունն ինչով է այն կոմպենսացնում: Լուծումներից մեկը դիֆերենցված սակագինն է: Կան մարդիկ, ովքեր լողավազան ունեն, և մեծ ծավալով են ջուր օգտագործում, նրանք ավելի թանկ պիտի վճարեն»։

Նշենք, որ ՀԾԿՀ-ն նախօրեին որոշել էր անփոփոխ թողնել բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը, բայց, այնուամենայնիվ, մեծածախ ջրի սակագինը թանկացել է։ Բանախոսը շեշտել է, որ ջրի մեծածախ թանկացումն արդյունքում նորից կանդրադառնա սպառողի վրա. «Գինը և որակը պիտի համապատասխանեն: Անկեղծ ասած, որակը չի բավարարում. առաջընթաց կա, բայց հերիք չէ», – ասել է նա։

Կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն էլ նշել է. «Ես ռազմավարական ու տնտեսական առումով կուրս տեսնում եմ` ամեն կերպով փող պոկել, քանի պոկվում է, և լցնել գրպանները: Խոսքը հափշտակման մասին չէ. ուղղակի համակարգը կառավարում է նաև ֆինանսները: Ինչո՞ւ չբարձրացրեցին ջրի գինը: Մի քանի կոպեկ խնայելով՝ ուզում են ցույց տալ, թե այս հանձնաժողովն անկախ է, և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն էլ անկախ որոշում էր», – ապա հավելել, որ գերշահույթի ձգտող նման մոտեցման հիմքում ագահությունն է ու պետական իմաստով ռազմավարության բացակայությունը։ Ըստ նրա՝ պետք է պատրաստ լինենք սակագների անընդհատ բարձրացմանը և տեղ-տեղ դրանց ձևական սառեցմանը. «Ընդհանուր առմամբ, ջուրը թանկացել է, իսկ դա կարող է նախադրյալ լինել, որ միառժամանակ հետո ջրի մանրածախ սպառումն էլ թանկանա»։

Այս խորագրի վերջին նյութերը