Լրահոս

04.09.2009 11:45


Ալեք Ենիգոմշյան. «Մենք այսօր նվազագույնը պահանջում ենք այն պատասխանատուների հրաժարականը, ովքեր նախաստորագրել են և կստորագրեն, այսպես կոչված, արձանագրությունները Թուրքիայի հետ»

Ալեք Ենիգոմշյան. «Մենք այսօր նվազագույնը պահանջում ենք այն պատասխանատուների հրաժարականը, ովքեր նախաստորագրել են և կստորագրեն, այսպես կոչված, արձանագրությունները Թուրքիայի հետ»

«Ոչ մի թիզ հայրենի հողից» խորագիրը կրող հավաք-քննարկման ժամանակ իր ելույթում Ալեք Ենիգոմշյանն ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, որևէ ազգի և պետության նպատակը, գոյության իմաստը տվյալ ազգի հավերժության ապահովումն է, տվյալ ժամանակի ազգի ներկայացուցիչներին և այդ պետության ներսում ապրող ժողովրդին, մարդկանց ապահովելը ազատ կյանքով, այդ երկրի համար սոցիալական և մնացած բոլոր ոլորտներում արդարություն ապահովելը, տվյալ ազգի մշակույթի ծաղկումն ու վերածաղկումը։ Այն երկրների համար, որոնց ազգերը պատմական պատճառներով չեն գտնվում այդ երկրի սահմանների ներսում, գոյություն ունի նաև այդ պետությունն ամբողջացնելու խնդիր։ Պարզ է, որ մեր հայ ժողովրդի, ազգի և պետության համար քանի դեռ պետությունն ամբողջացնելու խնդիրը լուծված չէ, և հայ ազգի համար արժանապատիվ կյանքն ապահոված չէ, այդ պետությունն ու այդ ազգի ապագան երաշխավորված չէ։ Հայ ազգի համար այսօրվա պայմաններում՝ 20-21դդ հիմնական խնդիրները եղել և մնում են մի կողմից Արևմտյան Հայաստանի ազատագրության խնդիրը. հայ ժողովուրդը պետք է վերագտնի իր պատմական հողերը. ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ազգը պետք է վերադառնա այդ հողերի վրա, որպեսզի կարողանա որպես ազգ գոյատևել և հավերժանալ։ Ինչքան էլ այս նպատակը երազելի թվա, քանի դեռ հայ ազգը չի կորցրել այս նպատակին հասնելու իր տեսլականը, այդ ազգը չի մեռնի։ Իսկ այն օրը, երբ հայ ազգի սրտից և մտքից ուզեն պոկել այդ նպատակն իրականացնելու երազն ու տեսլականը, ով էլ որ լինի այդ տեսլականը պոկողը, նա մահացու հարված է հասցնում տվյալ ազգի գոյությանը։

Երկրորդ խնդիրը, որ այսօր ամենաէական նշանակությունն ունի հայ ազգի գոյատևման և ապագայի համար, Արցախի խնդիրն է, որն անցած 20 տարիներին ամենաքիչը եղել է մեր հիմնահարցը և շարունակում է մնալ մեր հիմնահարցը։ Այն պայքարը, որը մեզ շնորհեց 2000 տարիների պարտություններից հետո ամենավսեմ հաղթանակը, այդ հաղթանակը ևս ուզում են մեզնից խլել և դրանով սպանել հայ ազգին։

Բոլորս էլ գիտենք, որ մյուս ոլորտը այսօրվա  փոքր հանրապետությունում արդար, արժանավայել կյանքի ապահովումն է հայ ազգի համար. այս 30 հազ ք/կմ-ում մնացած հայ ազգի և, ինչու ոչ, նաև ազատագրած Արցախի 12 հազ ք/կմ-ում էլ 17 տարի է՝ չի ապահովվել արժանապատիվ կյանք, և դա էլ է սպանում հային։ Ուրեմն, մեր ազգի գոյատևման ոչ մի գործոն, ոչ մի ազդակ այսօր երաշխավորված չէ։

Եթե մենք վերջակետ դնենք այսօր Արևմտյան Հայաստանի մեր տեսլականին, մեր դեմ գործված ամենաաննկարագրելի ոճրի՝ Ցեղասպանության իրականության նկատմամբ արդարություն պահանջելու մեր վճռականությանը, եթե մենք վերջակետ դնենք Արցախի մեր հաղթանակներն անխախտ պահելու մեր վճռականությանը, մենք կորած ազգ ենք։

Բոլոր նրանք, հատկապես հայ անունը կրող մարդիկ, ովքեր նպաստում են նման գործընթացներին, չեն կարող այլ որակավորում ստանալ, քան ազգի դավաճաններ։ Այսօր Արցախի ազատագրված տարածքների պաշտպանությունը և նրանց միացումը ՀՀ-ին և Արևմտյան Հայաստանի տեսլականի պահպանումը մեր գոյության և ապագայի երաշխիքն են։ Այսօրվա ցանկացած հայ մարդու՝ լինի նա ՀՀ-ում, ԼՂՀ-ում, թե սփյուռքում, առաջին խնդիրը պետք է լինի այս նպատակների անխախտ պահպանումը։ Մնացյալ բոլոր նպատակներն այսօր ածանցվում են այս երկու նպատակներին։

Այսօր տեսնում ենք, որ մեկը մյուսի հետևից մեր իշխանություններն իրենց լիարժեք պատրաստակամություն են հայտնում հակառակորդին, թշնամուն հանձնել մեր եղբայրների արյան գնով ազատագրված տարածքները և արդեն իսկ նախաստորագրել են ամբողջ մեր 5000-ամյա մեծագույն մասը՝ Ցեղասպանությունը մոռանալու փաստաթուղթ։ Բոլոր նրանք՝ սկսած այսօրվա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից և մնացած բոլոր պատասխանատուներից, վերջացրած բոլոր պաշտոնատար և ոչ պաշտոնատար քաղաքական կազմակերպություններով և անհատներով, կգնան այս ձեռքբերումներն ու այս տեսլականները ոտնակոխ անելու քայլին, պատասխանատու պետք է լինեն հայ ժողովրդի առջև։ Չմտածեն, որ մենք քիչ ենք, չմտածեն, որ տարբեր իշխանություններ, տարբեր ռեժիմներ այս 17 տարիների ընթացքում միշտ հաջողել են կոտրել ժողովրդի կամքը և մնալ անպատիժ։ Այս ձևի ոտնակոխումն ու դավաճանությունն անպատիժ չի մնալու։ Եվ մենք այսօր նվազագույնը պահանջում ենք այն պատասխանատուների հրաժարականը, ովքեր նախաստորագրել են և կստորագրեն, այսպես կոչված, արձանագրությունները Թուրքիայի հետ, և ովքեր պատրաստվում են և պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ, այսպես կոչված, հաշտության քողի տակ վերստին թշնամուն հանձնել ազատագրված հողերը։ Նրանք չեն կարողանալու փախուստ տալ ժողովրդի անեծքից և վճռից։

Սա  իշխանությունների վերաբերյալ։ Այսօր ամենափոքր վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր ազգի գլխավոր խնդիրը Արցախի ձեռքբերումների պաշտպանությունն է և Արևմտյան Հայաստանի մեր արժանապատվության պահպանումը։ Եթե երկրում կա ընդդիմություն, չի կարող ընդդիմություն լինել այլ հարցերի շուրջ։ Այսօր չկա երկրում ընդդիմություն, կամ ինքն իրեն ընդդիմություն համարող հատվածը չի կարող իրական այլընտրանք հանդիսանալ այսօրվա իշխանություններին, եթե այս հարցերի նկատմամբ միևնույն տեսակետներն է պաշտպանում, ինչ իշխանությունները։ Ընդդիմության առանցքը կազմում է այս խնդիրը։ Չի կարող լինել նաև կեղծ ընդդիմություն։ Արցախի խնդրի կապակցությամբ իշխանություների նկատմամբ ընդդիմության գլխավոր թեզը պետք է լինի հետևյալը. եթե մենք դեմ ենք մադրիդյան սկզբունքներին, դա նշանակում է՝ առաջին հերթին դեմ ենք ցանկացած ազատագրված տարածք հանձնելու գաղափարին։ Մադրիդյան սկզբունքների մնացյալ կետերի շուրջ ընդդիմությունն արդեն կեղծ ընդդիմություն է։ Նույնը վերաբերում է Արևմտյան Հայաստանին վերաբերող բոլոր հարցերին։ Սրանք են այսօր մեր ազգի առջև դրված խնդիրները։ Մեր ռազմավարական խնդիրը մնում է Արցախի 12 հազ ք/կմ-ի միացումը մայր պետությանը։ Մենք չենք ասում, որ դրանք մեկ օրում իրագործելի խնդիրներ են, սակայն սրանք են Հայաստանի ռազմավարական նպատակները։ Մնացած բոլոր միջանկյալ քայլերը կարող են լինել մարտավարական գործառույթներ։ Ցանկացած մարտավարական միջոց թույլատրելի է մի պայմանով՝ այն չպետք է հակասի ռազմավարական նպատակին։

Կարող է ոմանց թվալ, որ մենք քիչ ենք։ Նույնիսկ մեզ կարող է թվալ, որ քիչ ենք, սակայն իրականում մենք քիչ չենք։ Մեզ մնում է իսկապես գնահատել մեր ուժերը, մեր անելիքը և կազմակերպվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը