Մեկնաբանություն

11.07.2014 00:47


Աշխարհը խալի է ոտքիս տակ

Աշխարհը խալի է ոտքիս տակ

Հուլիսի 5-ից Հարավային Ամերիկայում գտնվող Սերժ Սարգսյանի պետական ու պաշտոնական այցը կարծես տուրիստական բնույթ ունի:

Գնում է եկեղեցիներ, լինում է հրապարակներում ու այգիներում, եկեղեցու հիմնարկեքի արարողության է մասնակցում, փոքրիկների հետ շախմատ է խաղում, հանդիպումներ է ունենում տեղի հայության հետ, հյուրընկալվում է հայ ավանդական կուսակցությունների գրասենյակներում:

Արգենտինայի կին նախագահը չի դիմավորում, իսկ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի անփողկապ հագուկապը լրիվ «հովվերգական» շունչ է հաղորդում պետական այցին:

Չգիտենք՝ այս պատկե՞րն է ստիպում համացանցային հանրությանը հեգնանքով ու ծաղրանքով խոսել հարավամերիկյան շրջագայության մասին, թե՞ մեկ այլ բան, դժվար է ասել:

Բայց որ հայաստանցիները մի տեսակ անլրջությամբ են վերաբերվում անդրօվկիանոսյան իրադարձություններին, հաստատ է:

Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն ներգործություն չի թողնում: Ասենք՝ նշվում է, որ «կայացել են հայ-արգենտինյան բարձր մակարդակի բանակցություններ», «կայացել են հայ-ուրուգվայական բարձր մակարդակի բանակցություններ» եւ այլն:

Այս ամենը բացարձակապես հայաստանցիներին չի հետաքրքրում:

Դե, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած այդ ո՞ր մի բանակցություններից են մեր երկիրն ու ՀՀ քաղաքացիները շահե՞լ, որ այս այցից հետո էլ հայաստանցիներն ինչ-որ դրական ակնկալիքներ ունենան:

Ոչ ոք այլեւս ոչնչի չի հավատում: Հետեւաբար, ինչպես նախորդ այցերը, այս այցն էլ դառնում է անկարեւոր:

Եվ եթե շարունակվող այցի հինգ օրերի ընթացում հայաստանցիների շրջանում ինչ-որ բան կարեւորվել ու նկատվել է, ապա դա Սերժ Սարգսյանի եւ Խոսե Մուխիկայի հակադրությունն է: Հակապատկեր են բոլոր առումներով՝ կենցաղից մինչեւ արժեհամակարգ: Եվ հենց դա՛ է զվարճացնում համացանցային հանրությանը, որը ոգեւորված թվարկում ու համեմատում է Մուխիկայի եւ Սարգսյանի արժանիքներն ու առավելությունները՝ վերջինիս գցելով «սեւ ցուցակ»: Իրոք, այդ համեմատությունից ծայաստիճան աննպաստ վիճակում է հայտնվում Սարգսյանը:

Դրությունն ինչ-որ չափով «փրկում» են արգենտինահայ եւ ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչները, որոնք, ի տարբերություն մեզ, մի քիչ «ոգեւորված ու կարոտած» հայացքով են նայում Սերժ Սարգսյանին: Նկատել եք, չէ՞, ՀՀԿ ղեկավարը դրսերում այնքան ջերմ ու մարդամոտ է իրեն պահում, այնպես է աշխուժանում, միանգամայն անճանաչելի է դառնում, իրեն դրսեւորում է լրիվ ուրիշ մարդու պես՝ շփվող, ասող-խոսող:

Դե, «գյուղից մարդ չկա», իր կառավարմանը ծանոթ չեն, ուրեմն կարելի է պարզ ճակատով ներկայանալ եւ չվախենալ սուր հարցերից կամ քննադատական խոսքից, որոնք նման դեպքերում բացառվում են:

Դրա համար էլ այստեղ, իրեն ճանաչողների շրջանում է մռայլ, անտրամադիր ու բարդույթավորված: Իսկ դրսերում իրեն պահում է՝ ինչպես ազատ թռչյուն:

Ու երբ նայում ես, մտածում ես՝ ա՛յ մարդ, մնա՛ այդտեղ, էլ հետ մի՛ արի, էլի՛:

Հայ համայնքի ջերմ վերաբերմունքը հասկանալի է: Նրանք, տեսնելով հայկական պատվիրակությանը, նրանից Հայաստանի կարոտն են առնում: Ընդամենը:

Ինչեւէ, արգենտինյան պարբերականին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցն էլ այստեղ, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց, ավելին՝ նրա արած հայտարարություններն ուշագրավ էին այնքանով, որ նա օվկիանոսի այն կողմից է որոշել «կոշտ ձեւակերպումներով» խոսել իր սիրելի Կրեմլի հետ, հասել է Հարավային Ամերիկա, որ այնտեղից ցույց տա իր նեղացածությունը Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու Մոսկվայի քայլերի կապակցությամբ:

Մի խոսքով, շուտով կբռնի տունդարձի ճանապարհը (հիմնական նպատակին՝ ֆուտբոլի եզրափակիչ խաղին թաքուն ներկա գտնվելուց հետո):

Ու բոլորը կմոռանան Հարվային Ամերիկայում անցկացրած նրա մեկշաբթյա շրջագայության մասին:

Թերեւս, այն կհիշվի միայն մի դրվագով՝ մեր երկրի համար որեւէ դրական ակնկալիք չենթադրող հերթական «պատմական այցի» դեպքում. այս անգամ որքա՞ն է ծախսվել Սերժ Սարգսյանի անձնական ինքնաթիռի և, ընդհանրապես, շրջագայության վրա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը