Մեկնաբանություն

11.07.2014 21:34


Ջոն Հեֆերնն ամերիկյան ու հայկական երազանքների խաչմերուկում

Ջոն Հեֆերնն ամերիկյան ու հայկական երազանքների խաչմերուկում

Նորությունն հայտնած չենք լինի, եթե նշենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանը վատացրել է իր հարաբերություններն ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։

Սերժ Սարգսյանի բացասական հաշվեկշիռը

«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հետևանքը եղավ այն, որ բարելավվեցին ռուս–ադրբեջանական հարաբերությունները, լուրջ խնդիրներ առաջացան հայ–ռուսական հարաբերություններում, իսկ հայ–ամերիկյան հարաբերություններն իջան անցանկալի մակարդակի և պատահական չէ, որ ամերիկյան կողմը Ղարաբաղի հարցում որդեգրել է բավական կոշտ դիրքորոշում ու գրեթե ամենօրյա ռեժիմով ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի և Ուորլիքի շուրթերով պահանջում է Ղարաբաղի յոթ շրջանների հանձնումն Ադրբեջանին։

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը բերեց այն բանին, որ ամերիկացիները հիմա պայքարի մեջ են մտել Մոսկվայի հետ Բաքվին իրենց կողմը գրավելու համար։ Հայաստանը, բնականաբար, անտեսվում է, քանզի այն անտեսվել է ՀՀ իշխանությունների կողմից։

Միանշանակ է, որ հայ–ամերիկյան հարաբերություններում հակաղարաբաղյան հայտարարություններից հետո չի կարող լարվածություն չառաջանալ, ինչպես նաև չի կարող հայ հանրության տարբեր շերտերի մոտ բացասական տրամադրվածություն չառաջանալ ԱՄՆ–ի նկատմամբ, ինչը, սակայն, չի բխում ՀՀ շահերից։

«Ամերիկյան երազանքի» հայաստանյան դրսևորումները

Մարդիկ իրենց պատկերացումներն այս կամ այն երկրի մասին ձևավորում են ստերոտիպերի ու փորձի հիման վրա։ Նաև տվյալ երկրները ներկայացնող դեսպանների միջոցով։

Այնպիսի փոքր երկրներում ինչպիսին Հայաստանն է շատ կարևոր է, թե ինչպես է ԱՄՆ–ն ներկայացնում այդ երկրի դեսպանը, և ինչպիսի մեսիջներ է նա փոխանցում հանրությանը։

Հարկ է ընդգծել, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանները մշտապես նպաստել են ԱՄՆ դրական իմիջի ձևավորմանը Հայաստանում։ Մասնավորապես դեսպան Ջոն Էվանսի գործունեությունը արժե մատնանշել։ Էվանսի դրական ազդեցությունը հայ–ամերիկյան հարաբերությունների վրա հնարավոր չէ մոռացության տալ։

Այլ է պատկերը ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնի դեպքում։ Հայաստանի արտաքին ու ներքին կյանքի վերաբերյալ նրա տեսակետներն ու դիվանագիտական էթիկայի շրջանցմամբ ներքին կյանքին միջամտությունը բերել է այն բանին, որ Հայաստանի հանրության որոշակի շրջանակների մոտ ռեակցիա է առաջացել ինչպես դեսպանի, այնպես էլ ԱՄՆ–ի նկատմամբ։

. . .

Այսպես, Հեֆերնը ողջունում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան դառնալն ու դրական գնահատում նրա գործունեությունը։ Եվ դա այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանի անվան հետ են կապվում բազմաթիվ սկանդալային ու կոռուպցիոն պատմություններ (միայն օֆշորային մեքենայությունը հերիք է պատկերացում կազմելու համար)։

Հետաքրքիր է, երբ ԱՄՆ–ն Հայաստան ուղարկի կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված մեկին դեսպանի պաշտոնում, իսկ ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը ողջունի այդ նշանակումը, այդ դեպքում ի՞նչ կմտածի ամերիկյան ժողովուրդը ՀՀ դեսպանի ու ընդհանրապես Հայաստանի մասին։

Ես հասկանում եմ, որ ԱՄՆ–ը ու ՀՀ–ն տարբեր քաշային կարգերի պետություններ են, բայց խնդիրը տվյալ դեպքում վերաբերում է սկզբունքին։

Եթե Հեֆերնն ի պաշտոնե չի զեկուցել ԱՄՆ պետդեպին, որ ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև Միացյալ նահանգների հայկական համայնքում բազմաթիվ հարցեր կառաջանան Տիգրան Սարգսյանի «ագրեմանն» ընդունելու պարագայում, ապա դա առնվազն աշխատանքային թերացում է։

ՀՀ ամենաանարդյունավետ և խայտառակ ցուցանիշներ ապահոված վարչապետը նշանակվում է ԱՄՆ–ում դեսպան, իսկ Հեֆերնը ողջունում է դա։ Փաստորեն, ստացվում է, որ ԱՄՆ–ն է ողջունում Տիգրան Սարգսյանի տիպի գործիչներին, որոնք վերջին վեց տարվա ընթացքում ավելի քան 300 հազար արտագաղթողի, տնտեսության անկման, աղքատությւան աճի, կապիտալի արտահոսքի և կյանքի որակի համընդհանուր վատացման պատճառ են դարձել։ Իսկ սա չի կարող բացասական չգնահատվել հայ ժողովրդի կողմից, չի կարող չվնասել ԱՄՆ իմիջին և չհարվածել հայ–ամերիկյան հարաբերություններին։

. . .

Հեֆերնը պաշտպանում է Որոտանի կասկադի մասնավորցման գործընթացը։ Խնդիրն այն չէ, որ այն չպետք է մասնավորեցվի։ Առավելևս որ ամերիկյան կողմի մասնակցությունը դրականորեն կարող է ազդել էներգետիկ համակարգի վրա՝ ներգրավելով ներդրումային միջոցներ։ Սակայն երբ մասնավորեցման գործընթացը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, ոչ թափանցիկ ու փակ ռեժիմով և Հեֆերնն էլ ողջունում է այդ ամենը, ապա կրկին հարված է հասցվում ԱՄՆ իմիջին ու Հայաստանում ռեակցիա է առաջանում ամերիկյան կողմի նկատմամբ։ Էլ չխոսած Հայաստանի կրած վնասների մասին։

Իսկ այն բամբասանքները, թե իբր Որոտանի գործարքին դեմ արտահայտվողները ռուսամետ ուժեր են, որոնք դեմ են էներգետիկ համակարգում ամերիկյան կապիտալի մուտքին, էժանագին քարոզչական հնարքներ են, որոնք կիրառվում են Բաղրամյան 26–ի ուղղակի ազդեցության տակ գործող «անկախ» լրատվամիջոցների կողմից։

Ի դեպ, «անկախ» լրատվամիջոցների մասին։

Հայտնի է, որ Հայաստանում ձևավորվել է ֆաշիստ Գեբելսի սիրած սկզբունքներով գործող իշխանամետ լրատվական դաշտ, որն իրեն դիրքավորում է որպես «անկախ»։ Այդ դաշտին աջակցում է նույն Հեֆերնը, և փաստորեն ստացվում է, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը և Բաղրամյան 26–ը համատեղ ուժերով պայքարում են հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման և ընդդեմ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ու գրեթե ամբողջ հասարակության։

Տեղյա՞կ է արդյոք դեսպան Հեֆերնը, որ Սերժ Սարգսյանն ու իր երիտթիմը կուլիսներում տարածում են, թե «անկախ» և իբր թե արևմտամետ կողմնորոշում ունեցող լրատվամիջոցների գործունեությունը կոորդինացվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դրանով իսկ փորձելով ԱՄՆ դեսպանատան վրա գցել գաղջ մթնոլորտի ձևավորման պատասխանատվությունը։ Իշխանություններն այդ լրատվամիջոցների միջոցով, ըստ էության, տարածում են այն միտքը, որ ամերիկյան կառավարությունը Հայաստանում աջակցում է հակաժողովրդական ռեժիմին ու պայքարում ժողովրդի առնվազն 80 տոկոսի շահերը ներկայացնող քաղաքական ուժերի դեմ։

Այդ 80 տոկոսն (այս գնահատականը Սերժ Սարգսյանինն է), օրինակ, դեմ է կենսաթոշակային համակարգում իրականացվող «բարեփոխումներին», բայց արի ու տես, որ Հեֆերնի տեսակետն այս հարցում էլ է համընկնում Սերժ Սարգսյանի տեսակետի հետ, և նա ողջունում է մի «բարեփոխում», որը, մեղմ ասած, անընդունելի է մեր հանրության ճնշող մեծամասնության կողմից։

Ուշագրավ մեկ հանգամանք ևս. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է մեզանում առկա մարգինալ ուժերի հետ, որոնք իրենց դիրքարովում են որպես արևմտամետներ (այդ այսպես կոչված արևմտամետներն, ի դեպ, գոնե մեկ հանրահավաք՝ հայկական Մայդան, չկարողացան կազմակերպել նախորդ տարվա սեպտեմբերի 3–ի հայտնի որոշումից հետո, ինչը շատ խոսուն փաստ է և ցույց է տալիս, թե ինչ են իրենցից իրականում ներկայացնում ԱՄՆ դեսպանատնից աջակցություն ստացողները)։

Իրականությունն այն է, որ չակերտավոր արևմտամետները զբաղված են զուտ կոմերիցիայով՝ գրանտի տեսքով, ու Բաղրամյան 26–ից ստացվող պատվերների շրջանակներում պայքարում են դեպի Մաքսային միություն սուրացող Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱՄՆ–ն Հայաստանում աջակցում է Գյուլիստանի պայմանագրին երդում տված ու ռուսահպատակ դարձած Սերժ Սարգսյանի ռեժիմին ու պայքարում է բոլոր այն ուժերի դեմ, որոնք կողմ են Հայաստանի հավասարակշռված ու կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը, որը ենթադրում է դրական հարաբերությունների խորացում նաև ԱՄՆ–ի հետ։

Բացի այդ, Հայաստանում մարգինալ շրջանակներին աջակցելով ու խրախուսելով՝ ԱՄՆ–ն կրկին կորցնում է, քանզի եթե այդ մանր ժուլիկների միջոցով է արևմտյան (համամարդկային) արժեքները քարոզվելու, ապա ավելի մեծ հարված նույն այդ արժեքներին դժվար է պատկերացնել։

. . .

Եվ ամենակարևորի մասին։ Եթե Հեֆերնն ուզում է Հայաստանում դրական իմիջ ապահովել ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ անձամբ իր համար, ապա չպետք է ամեն օր հայտարարի, թե Ղարաբաղը պետք է յոթ շրջանները հանձնի Ադրբեջանին։

Հասկանալի է, որ դա անձամբ Հեֆերնի տեսակետը չէ, այլ պաշտոնական Վաշինգտոնինը, բայց դեսպանը պետք է փորձի իր դերի մեջ մնալ, այլ ոչ թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից ավելի առաջ ընկնել ու խոսել հայաստանյան կողմի զիջումների մասին։

Անգամ Մեթյու Բրայզան, ով հայտնի էր իր կանխակալ վերաբերմունքով ու կողմնակալ պահվածքով, այդպիսի վարքագիծ չէր դրսևորում ինչպես Հեֆերնն այժմ։

Ամփոփենեք

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանը փչացրել է իր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Սակայն Հայաստանը Սերժ Սարգսյանը չէ։ Սարգսյանն անցողիկ է, իսկ Հայաստանը՝ մնայուն։ Ինչպես որ մնայուն պետք է լինեն աշխարհաքաղաքական կենտրոնների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի ու ԵՄ–ի հետ Հայաստանի դրական հարաբերությունները։

Այդ կենտրոնները ներկայացնող դեսպանները կարող են նպաստել դրական ֆոնի ձևավորմանը, բայց կարող են նաև փչացնել ամեն ինչ։ ՀՀ–ում ԱՄՆ գործող դեսպանը երկրորդ տարբերակն է ընտրել, սակայն դա չի բխում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ ՀՀ շահերից։ Այնպես որ հետևություններ է պետք անել։

«Ամերիկյան երազանքի» մասին աշխարհում ձևավորված կայուն պատկերացումները չի կարելի կոտրել մեզ մոտ։ Հեֆերնն, անշուշտ, իր «Ամերիկյան երազանքն» ունի, բայց չպետք է այն խոր հակասության մեջ մտցնի «Հայկական երազանքի» հետ։

Մենք էլ ենք ուզում ժողովրդավարական հարաբերություններ, արդյունավետ կառավարման համակարգ և քաղաքացիական հասարակություն ունենալ, այսինքն՝ ունենալ արևմտյան արժեհամակարգով գործող ինստիտուտներ։ Մինչդեռ բոլորովին էլ հաճելի չէ տեսնել, թե ինչպես է ԱՄՆ–ն ներկայացնող դեսպանը խոր և համապարփակ տարբերակով համագործակցում հայաստանյան ոչ լեգիտիմ իշխանությունների, ինչպես նաև նրանց կցված կեղծ արևմտամետ շրջանակների հետ ու բացասական մեսիջներ ուղարկում Հայաստանի հանրությանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը