Մեկնաբանություն

13.07.2014 13:53


Վախի մեծ աչքերը

Վախի մեծ աչքերը

Սերժ Սարգսյանը քաղաքականության մասին ունի գռեհիկացված պատկերացումներ։ Ըստ նրա՝ քաղաքականությունը «դաբրոներ» տալու կամ ստանալու գործընթաց է։

Քաղաքականությունը նաև խաբելու և սուտ խոսելու արհեստ է։ Սա էլ ըստ Սերժի։

Նման եզրահանգումներ անելու համար հիմք են ծառայել Սերժ Սարգսյանի անցած ուղին և մասնավորապես նրա նախագահության վեց տարիները։

«Վերջի բոլշևիկը» քաղաքականության մասին ունի նաև շատ «մատերիալիստական» պատկերացումներ (ուտիլիտարիստականի մասին էլ չենք խոսում)։ Մինչև աչքը չտեսնի, ականջը չլսի կամ ձեռքը չշոշափի, ինքը չի հասկանա երևութը։

Սերժ Սարգսյանը հասել է Արգենտինա ու այնտեղից ցավ և մտահոգություն է հայտնում ՌԴ–ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու թեմայով։ Սարգսյանը, փաստորեն, նոր է հասկացել, որ այդ ամենը վտանգավոր է։ Նա նոր է ընկալել, որ իր «արևմտամետ» քաղաքականության արդյունքն է ռուս–ադրբեջանական գործակցությունը։

Սարգսյանը նաև նոր է հասկացել, որ աչքերը փակ և կայծակնային արագությամբ Մաքսային միություն մտնելու արդյունքում ինքը ոչ մի խնդիր չի լուծել։ Ավելին՝ նոր խնդիրներ է առաջացրել։

ՀՀԿ ղեկավարին թվում էր, թե եթե ինքը Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում հանձնվի Կրեմլին, ապա այլևս կարիք չի ունենա մտածել ՀՀ և ԼՂՀ անվտանգության մասին։

Հիմա նա վերջապես հասկացել է, որ «աշխարհաքաղաքական բոմժությունը» սարսափելի հետևանքների է բերել։ Հասկացել է ու վախից սկսում է գոռալ։ Արգենտինայում նա ձայնը գցել է գլուխը և հետին թվով ցավ ու մտահոգություն է հայտնում։ Բայց արդեն բանը բանից անցել է։

Արևմուտքն ու Ռուսաստանը մրցավազքի մեջ են մտել Բաքվի համար։ Երկուսն էլ Հայաստանը որպես օբյեկտ են դիտարկում։ Բայց նրանց մեղադրելն առնվազն անհեթեթություն է, քանզի եթե ՀՀ ղեկավարն է տարիներ շարունակ Հայաստանը դիտարկում որպես օբյեկտ սեփական աթոռը պահելու և փող աշխատելու համար, ապա ինչու՞ պետք է Հայաստանն իրենց աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերի սպասարկման համար օբյեկտ չդիտարկեն Արևմուտքն ու Ռուսաստանը։

Սերժ Սարգսյանը, ինչպես վերևում նշեցի, «մատերիալիստ» է և շատ կենցաղային պատկերացումներ ունի քաղաքականության, պետական կառավարման ու միջազգային հարաբերությունների մասին։

Նա սկսեց «ֆուտբոլ» խաղալ թուրքերի հետ ու երբ հասկացավ, թե ինչն ինչոց է՝ վախից կես դարով երկարաձգեց ՌԴ ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու պայմանագիրը։

«Ֆուտբոլին» հաջորդեց նոր «ֆուտբոլը»՝ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացը։ Երբ Սերժը հասկացավ, թե ինչ «բորշչ» է եփել՝ վախից կտրուկ շրջադարձ կատարեց ու ամբողջ աշխարհի զարմացած հայացքի ներքո Մաքսային միություն մտնելու որոշում կայացրեց։

Հիմա էլ է նա վախեցած, քանզի ինքն իր համար պարզել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանն է մեր երկրի անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե Ռուսաստանը։

Ինքը մտածում էր, որ եթե Զորի Գայկովիչի միջոցով Պուտինին քծնի, Գեղամյանի միջոցով կատարի ռուսների պատվերները և ինքն էլ հայտարարի, որ Ղարաբաղը մեր պատկերացումներում Հայաստանի հետ չէ, ապա բոլոր հարցերը կլուծվեն և իրեն կմնա միայն փող աշխատելու հաճույքը։

Պարզվում է, որ այդպես չի լինում։ Վախի աչքերը դրա համար են մեծացել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը