Լրահոս

04.09.2009 14:56


ՀՀ վարչապետը մասնակցել է «ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից ս.թ. սեպտեմբերի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին, որի բացման արարողության պատիվը վերապահվել էր նրան։

ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը և նշել. «Նման միջոցառումները, մեր համոզմամբ, ստեղծում են լավ նախադրյալներ միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները։ Չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ շուրջ 150 կազմակերպություն 9 երկրից մասնակցում է այս միջոցառմանը, ինչը նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ, ապրանքներ, արտադրության իրենց կարողությունները, միեւնույն ժամանակ նոր գործընկերներ գտնելու եւ շուկաներ ընդլայնելու ցանկություն։ Մենք աջակցում ենք նման միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, քաջ գիտակցելով, որ բիզնես միջավայրի ձեւավորման առումով նման ձեռնարկումներն ունեն էական նշանակություն»։
ՀՀ վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին եւ դրանց արտադրանքին։
Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանի, Լեռանային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություն, ընկերություն եւ միություն։

 

Այս խորագրի վերջին նյութերը