Մեկնաբանություն

14.07.2014 10:28


Գուշակիր Սերժ Սարգսյանի մեղեդին

Գուշակիր Սերժ Սարգսյանի մեղեդին

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետի հարցը վերածվել է «Հայոց հարցի»:

Երեւանում, այսպես կոչված, քաղաքագիտական-փորձագիտական միտքը սեւեռվել է այդ հարցի վրա եւ աշխատում է կանխատեսումների ամենօրյա ռեժիմով:

Նշված շրջանակը ներկայացնող «արեւմտամետ» հատվածն արդեն թաղել է Մաքսային-Եվրասիական միությունը, ըստ այդմ՝ չեղած միությանը Հայաստանի անդամակցության ժամկետ նշելու հարցն ավելորդ է համարում: Ավելին՝ «արեւմտամետներն» անգամ պնդում են, թե պաշտոնական Երեւանն այեւս չի վստահում Ռուսաստանի խոստումներին: Այս պնդումն էլ հիմնավորում են արգենտինական պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած «աննախադեպ» հայտարարությամբ, թե հայ ժողովուրդը մտահոգված է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում: Բայց Սերժ Սարգսյանի «ցավ» արտահայտող միտքն այդքանով չի ավարտվում. նա նաեւ ընդգծում է, որ չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները:

Սակայն «արեւմտամետներն» այս պահը չեն ցանկանում նկատել ու պնդում են, թե պաշտոնական Երեւանն այլեւս չի վստահում Ռուսաստանի խոստումներին:

Իսկ «ռուսամետ» հատվածը, հիմք ընդունելով Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, նույն ամսին էլ կանխատեսում են անդամակցությունը կամ, «քարը ճաքի-տրաքի», մինչեւ տարեվերջ:

Ուշագրավն այն է, որ թե՛ «արեւմտամետներին», թե՛ «ռուսամետներին» առանձնապես չի հետաքրքրում Ղարաբաղի ճակատագիրը: Մի հարց, որի մասին խոսում են այս շրջանակից դուրս գտնվող քաղաքագետներն ու փորձագետները՝ միանգամայն իրավացիորեն նկատելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:

Ռուս-ադրբեջանական հնարավոր գործարքի էությունը կարող է լինել Պուտինի խոստումը Ալիեւին, որ եթե Ադրբեջանը անդամակցի ԵՏՄ-ին, ապա դրա դիմաց Ղարաբաղի հարցում կստանա ՌԴ աջակցությունը։

Գալուստ Սահակյանը չի մտնում որեւէ խմբի մեջ, ու ինքն իր համար կարծիք է հայտնում՝ նշելով ձգձգման հետևյալ պատճառը. «Ես կարծում եմ՝ ձգձգումը պիտի նայել ոչ թե նեղ սպեկտորով, այլ աշխարհի քաղաքական կյանքում կարծեք թե որոշակի հեղաբեկումներ են տեղի ունենում, առավել ևս այն կարծիքին եմ, որ այսօր արդեն գործող Եվրասիական միության երեք անդամների շրջանում հակասություններ են նկատելի, դա արդեն մամուլին էլ է պարզ։ Ես կարծում եմ, որ այն պահանջները, որոնք քննարկվել են երկար ժամանակ, ընդունելի են երեք պետությունների կողմից, առավել ևս նաև փաստաթղթերը ուղարկվել են երեք պետություններին, դեռևս որևէ մեկը որևէ այլ առաջարկ չի ներկայացրել մեզ»։

Ավելին, նա պնդում է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգումը կապ չունի Ղարաբաղի հետ. «Առավել ևս՝ Ղարաբաղի հարցի հետ կապված չէ, որովհետև բազմիցս կրկնել ենք՝ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, որը վատ վիճակի մեջ կդնի Ղարաբաղին»:

Որ Հայաստանը Ղարաբաղին վտանգող փաստաթուղթ չի ստորագրի, հասկանալի է (կամ՝ ո՞վ գիտե. եթե ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ է դրվելու, ինչո՞վ է անվտանգ լինելու ստորագրվող փաստաթուղթը), բայց մի՞թե դա նշանակում է, որ անդամակցության ձգձգումը կապված չէ Ղարաբաղի հարցի հետ:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երեք պետությունների միջեւ «նկատելի» հակասություններին, Գալուստ Սահակյանը չի բացահայտում այդ հակասությունները:

Որտե՞ղ, ինչպե՞ս, ումի՞ց է լսել այդ հակասությունների մասին՝ այդ մասին էլ ոչինչ չի ասում:

Օրեր առաջ նա ՌԴ-ում էր եւ կարծես հանդիպել է միայն Նարիշկինին եւ Եզրաս սրբազանին: Կարո՞ղ է՝ նրանք են Սահակյանի ականջին փսփսացել, որ կան հակասություններ ԵՏՄ անդամ երեք պետությունների միջեւ:

Տարօրինակ է, չէ՞, երբ Հայաստանի անդամակցության հարցն է դրված, բայց հակասություններ են նկատվում մյուս պետությունների միջեւ, եւ այդ հակասությունները որեւէ կերպ չեն առնչվում Հայաստանին:

Հետաքրքիր է՝ ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը ինչի՞ շուրջ են վիճում՝ այդպես էլ չնկատելով եւ անտեսելով ԵՏՄ-ի դռանը կանգնած Հայաստանին:

Ինչեւէ, ամռան շոգին Սերժ Սարգսյանը բոլորին ներքաշել է գուշակությունների ոլորտ, իսկ ինքը «բազմանշանակ» ու «խորիմաստ» լռում է: Ախր որ իմանա՝ ինչ ասի, կասի, բայց որ չգիտի, թե ինչ ասի, ի՞նչ ասի։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը