Լրահոս

14.07.2014 20:39


Դիվերսանտի կողմից վիրավորված Կարինե Դավթյանն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել (տեսանյութ)

Դիվերսանտի կողմից վիրավորված Կարինե Դավթյանն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել (տեսանյութ)

Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության գնդապետ Հայկ Անտոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր առավոտյան անջատվել է Կարինե Դավթյանի արհեստական շնչառության սարքը, և վերջինս արդեն կարողանում է ինքնուրույն շնչել:

«Բերված օրվանից առայժմ ինքը ունի դրական տեղաշարժ իր բուժման մեջ: Պացիենտի հետ ունենք թույլ կոնտակտ: Բուժումը շարունակվում է, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի իր մոտ»,- ասաց բուժծառայության գնդապետ Հայկ Անտոնյանը:

Հիշեցնենք, Կարինե Դավթյանը հոսպիտալ է տեղափոխվել ուրբաթ ուշ երեկոյան վերակենդանացման թիմի ուղեկցությամբ և ուղղաթիռի միջոցով: Կարինե Դավթյանի մոտ եղել է միջանցիկ հրազենային վիրավորում. «Փամփուշտը քսվելով անցել էր գլխուղեղի մոտով և վնասել էր ակնակապիճի հետին պատը և ակնագունդը: Աչքի բժիշկները փոքր դրական տեղաշարժ են տեսնում, բայց դա դեռ վաղ է գնահատել, քանի որ աչքի բուժումը շատ երկարատև պրոցես է, մենք հիմա փորձում ենք պահպանել աչքի անատոմիական ներկայությունը, իսկ տեսողության մասին դեռևս վաղ է, երևի թե նույնիսկ անհնար է տեսողության մասին հիմա խոսել»,- ասաց բուժծառայության գնդապետ Հայկ Անտոնյանը:

Ի դեպ, նշենք, որ Կարինե Դավթյանի աչքի վնասվածքը եղել է կրակոցի արդյունքում, թե՛ բուժող բժիշկը, թե՛ Կարինե Դավթյանի ամուսինը՝ Վահան Մելոյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքեցին նախնական այն վարկածը, որ դիվերսանտը կանգնեցրել է մեքենան և հանել է կնոջ ակնագունդը:

Կարինե Դավթյանի ամուսնուն՝ Վահան Մելոյանին, զայրացրել է նաև այն փաստը, որ լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե դեպքի օրը Կարինե Դավթյանը երեխաների կամքին հակառակ է մեկնել Քարվաճառ. «Դա ինչ գրելու բան էր, իմ կինը իրավունք չունի՞ ինձ մոտ գա, մենք հո բաժանված չենք, որ դեմ լինեն, կամ դա երեխաները չեն որոշում»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը