Մեկնաբանություն

15.07.2014 12:17


Ո՞վ եք լինելու հաջորդ կյանքում

Ո՞վ եք լինելու հաջորդ կյանքում

Համացանցը ողողված է հազար ու մի թեստերով, որոնցում առաջարկվում է պարզել սեփական անձի մութ անկյունները։

«Ո՞ւմ մտածողությունն է ձեզ մոտ գերիշխում՝ տղամարդո՞ւ, թե՞ կնոջ», «Ո՞վ եք եղել նախորդ կյանքում», «Մուլտֆիլմի ո՞ր հերոսին եք նման», «Ո՞ր կենդանին է ձեզ հոգեհարազատ» ...

Չար լեզուները պնդում են, թե «քլիք» հավաքելու ժամանցային այս հնարքը ամենայն լրջությամբ ընդունվել է նաև վերևներում. մարդիկ մեծ ոգևորությամբ պարզել են, որ իրենք էությամբ վագր կամ ընձառյուծ են, Մաուգլի կամ Շրեկ ...

Մեծ հաշվով, կարելի՛ է նրանց հասկանալ։ Ու եթե նման կատակները պահանջված են, նշանակում է՝ դրանցով հետաքրքրվածներին, այդ թվում՝ վերևներին, պետք է շատ ավելի՛ հետաքրքրի, թե ով են նրանք լինելու հաջորդ կյանքում։ Առավել ևս, որ սա արդեն ոչ թե ժամանցային թեստ է, այլ մի ամբողջ տեսություն։

1. Արդեն պարզ է, թե հաջորդ կյանքում ինչ ճակատագիր է սպասում բոլոր հաճախորդներին՝ դհոլից մինչև բուշմենների տամտամ, հնարավոր է՝ դատարկ։ Այնպես որ, այս կյանքում պնակալեզությունից պլպլացող ճաղատները հաջորդ կյանքում վերջապես ըստ նպատակի կօգտագործվեն։

2. Եթե կյանքդ ապրել ես բացառապես ամեն ինչ լվալու սկզբունքով (փող, մարդկանց ուղեղներ, կովերի պտուկներ ...), հաջորդ կյանքում լինելու ես բիոզուգարան, հնարավոր է՝ չաշխատող։

3. Հղփացած ու բթամիտ պաշտոնյաները, միանվագ «հայրենասերները», օգտագործվելուն միշտ պատրաստները հաջորդ կյանքում լինելու են փշալար, հնարվոր է՝ շփման գծում։

4. Բոլոր նրանց, ում թվում է, թե հասել են ինչ–որ բանի, իսկ իրականում նրանց ամեն մի «ձեռքբերում» խայտառակ ձախողում է, ցավով հայտնում ենք՝ հաջորդ կյանքում դուք չե՛ք լինելու։ Բնությունը պարզապես այլևս չի կարողանա հանդուրժել այդքան անտանելի տեսակը։ Տեսակ, որը ուտելու մոլուցքից կուրացած այդպես էլ չտեսավ իր հետևից թողած ավերածությունները ու անդադար, ամեն տեղից թափվող նզովքները։

Ահա այսպիսի բաներ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը