Լրահոս

15.07.2014 12:48


Հայաստանում էլեկտրոնային կառավարման հայեցակարգի կիրառման նպատակով կներդրվեն «Մեկ պատուհան» և ՏՏ համակարգեր

Հայաստանում էլեկտրոնային կառավարման հայեցակարգի կիրառման նպատակով կներդրվեն «Մեկ պատուհան» և ՏՏ համակարգեր

«Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և «մեկ պատուհան» համակարգի դերը էլեկտրոնային կառավարման հայեցակարգի ամբողջական իրականացման գործում» թեմայով երկօրյա ազգային աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն է սահմանի կառավարման ոլորտի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առավել մանրամասն ծանոթացնել այն անհրաժեշտ քայլերի հետ, որոնք ուղղված են էլեկտրոնային կառավարման (e-governanace) համակարգի ներդրմանը, կիրառելով <<մեկ պատուհան>> սկզբունքը և նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները: Աշխատաժողովը վարում է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի տնօրեն Արվո Օտտը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ողջունեց մասնակիցներին՝ շեշտելով, որ ազգային մակարդակով «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդնումն էապես կնպաստի էլեկտրոնային կառավարման ազգային համակարգի ձևավորմանը, ինչպես նաև նոր թափ կհաղորդի սահմանի կառավարման ոլորտում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքին՝ ներառյալ ենթակառուցվածքների զարգացումը և պետական սահմանի անցման կետերի արդիականացումը: Դեսպանը մասնավորապես նշեց. <<ԵՄ-ն մշտապես պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը նախաձեռնված բարեփոխումների իրականացման հարցում և կիսել իր հարուստ փորձն էլեկտրոնային կառավարման և ազգային մակարդակում դրա բաղադրիչ տարրերի ներդրման ոլորտում՝ համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիական լուծումների և ընթացակարգային մոտեցումների կիարռմամբ>>:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանը նշեց, որ <<մեկ կանգառ, մեկ պատուհան>> սկզբունքի ներդնումը մեծ առաջընթաց կհանդիսա սահմանի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ճանապարհին և կապահովի համապատասխանությունը կիրառելի միջազգային չափանիշներին:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանը կարծիք հայտնեց, որ «մեկ պատուհան» համակարգի լիակատար ներդրման արդյունքում հնարավոր կլինի միասնականացնել, դյուրացնել և պարզեցնել պետական սահմանի անցման կետերում գործող սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելու համար գործառույթների կրկնությունները, անհարկի վերահսկողության կամ հսկողության իրականացումը:

«Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է 2013թ. դեկտեմբերից` Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների կառավարությունների ֆինանսական աջակցությամբ: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 3,582,500 եվրո:

Այս խորագրի վերջին նյութերը