Լրահոս

15.07.2014 13:43


Հայ-ռուսական(Սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Հայ-ռուսական(Սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանի կողմից ապացույցները կեղծելու և խաբեությամբ Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հատնում է hetq.am-ը։
ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Բրուտյանի որոշմամբ՝ քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և ապացույցները կեղծելու հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժին:
Հիշեցնենք՝ Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի միջնորդությամբ Ստեփան Ծաղիկյանը 2004-ին 4 նկար էր գնել: Այդ նկարները Ծաղիկյանն արտահանել էր ՌԴ: Թե հետո ինչ ճակատագիր են ունեցել նկարները, հայտնի չէ: Սակայն տարիներ անց Ս. Ծաղիկյանը հայտնվել և հայտարարել է, որ դրանք կեղծ են և 2010-ին դատարան է դիմել` իրեն վաճառված իբրեւ թե կեղծ նկարների դիմաց փոխհատուցում պահանջելու հայցով: Սակայն Ստեփան Ծաղիկյանը որպես պատասխանող ոչ թե նկարները վաճառող անձին է ներգրավել, այլ միջնորդին՝ Կամո Բադալյանին: Ծաղիկյանի հայցը բավարարվել է, իսկ վերադաս ատյանները նույնն են թողել վճիռը: Բադալյանների տունը կալանքի տակ է՝ 9600 դոլարի բռնագանձման ենթակա գումարի պատճառով:


Զուգահեռաբար Կամո Բադալյանը դիմել էր իրավապահ մարմիններին, և ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Գործը, սակայն, 2011թ.-ից կասեցված էր: Վարույթն իրականացնող մարմինը դիմել էր ՌԴ իրավապահներին` նկարների փորձաքննությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու միջնորդությամբ: Զուգահեռաբար Կամո Բադալյանի կինը և փաստաբանը դիմել են տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Դատախազ Բրուտյանը նշել է, որ Ստեփան Ծաղիկյանը փորձաքննությունների եզրակացությունները Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չի ներկայացրել, քանի որ դրանով կպարզվեր հայցային վաղեմության ժամկետներն անցնելու փաստը և հայցը չէր քննարկվի: Մինչդեռ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն վերոհիշյալ նկարները Ծաղիկյանի նախաձեռնությամբ առաջին անգամ փորձաքննության են ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում և համարվել են բնօրինակներ:
Մանրամասները` hetq.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը