Լրահոս

15.07.2014 15:24


Սեյրան Օհանյան. «Դիվերսիոն գործունեության մեջ հակառակորդն օգտագործում է նաև հանցավոր խմբերի»

Սեյրան Օհանյան. «Դիվերսիոն գործունեության մեջ հակառակորդն օգտագործում է նաև հանցավոր խմբերի»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հակառակորդի դիվերսիոն փորձերին։

–Դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը օգտագործում է նաև հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են տարածաշրջանին,–ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմը միշտ էլ փորձել է սահմանին լարվածություն ստեղծել.

–Փորձում են ազդել բանակցային գործընթացի վրա` միակողմանի զիջումներ ստանալու համար։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վնասազերծված ադրբեջանցիներն ամենևին էլ դիվերսանտների նման չեն, Ս. Օհանյանը պնդել է, որ միանշանակ եղել է դիվերսիո՛ն հարձակում.

–Ամեն ոլորտի վերաբերյալ լավ կլինի, որ մասնագետը գնահատական տան։ Այսօր նաև շատ անհատներ (ցավալի է, որ նրանց թվում կան նաև մեր մարտական ընկերները) փորձում են գնահատականներ տալ, թե ծառայությունը թերի է կազմակերպված, բայց, օրինակ, Քարվաճառում, լեռնաանտառային պայմանները հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել սահմանը, և նման դեպքեր միշտ էլ եղել են։ Պետք է փառք տանք մեր զինվորներին, որ կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել և երկու հոգու գերեվարել:

Ս. Օհանյանն անդրադարձել է նաև Արգենտինայում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգությանը՝ Ադրբեջանին Ռուստաստանի կողմից զենք վաճառելու առնչությամբ։

–Դա նաև մեզ է մտահոգում, բայց ռազմական համագործակցության շրջանակներում ամեն ինչ չէ, որ կարելի է հանրությանը ներկայացնել։ ՌԴ–ի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, քան իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ,–ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը