Լրահոս

15.07.2014 21:25


Ի պատասխան Օմբուդսմենի հայտարարության

Ի պատասխան Օմբուդսմենի հայտարարության

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հուլիսի 15-ին հոգեբուժական հաստատությունների վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին` իր պաշտոնավարման առաջին այցերից մեկի ժամանակ, այցելել է հոգեբուժական հաստատություններ` հաշվի առնելով և քաջ գիտակցելով հրատապ լուծում պահանջող խնդիրները:

«Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում անձնակազմների հետ քննարկվել էին առկա բոլոր խնդիրները։ Կենտրոնների տնօրենները ներկայացրել էին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։ Ակնհայտ է, որ հոգեբուժական հաստատություններում առկա է նաև որակյալ կադրերի` հոգեբույժների պակաս: Դրանց արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը օրակարգային է առողջապահական համակարգում:

Նախարարը բժշկական կազմակերպությունների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տվել էր հանձնարարականներ` ֆինանսական միջոցների հայթայթման և խնդիրների լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ: Խիստ կարևորվել է անվտանգության, սննդի, համաճարակային իրավիճակի հարցերը: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տնօրենները նախարարին հաշվետվություն են ներկայացնում: Ինչ վերաբերում է Օմբուցմենի մատնանշած` ժամկետնանց դեղորայքին, ապա խնդրում ենք մատնանշել փաստերը, որպեսզի բարձրաձայնված դեպքերը լինեն խիստ առարկայական:

Հիշեցնենք, որ Երևանի հոգեբուժական հաստատություններից մեկում տնօրենը, մյուսում` տնօրենի պաշտոնակատարը կարճ ժամանակ առաջ են ստանձնել իրենց պաշտոնները (Վարդենիսի տուն-ինտերնատը գտնվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո): Պետք է փաստենք, որ երկու ամիսը վերոնշյալ, երկար տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրների լուծման համար բավարար ժամկետ չէ:

Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած այցը կարծում ենք, որ պետք է ուղեկցվեր նաև համապատասխան մասնագետների ներկայությամբ, ովքեր կարող էին համատեղ մասնագիտական լիարժեք գնահատական տալ հոգեբուժական ծառայությունների իրավիճակի, այլ հարցերի շուրջ:
ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը