Մեկնաբանություն

15.07.2014 23:45


Օբաման իր խոսքով զվարճացրեց ՀՀ քաղաքացիներին

Օբաման իր խոսքով զվարճացրեց ՀՀ քաղաքացիներին

Երանի ԱՄՆ նախագահն իմանար, թե իր խոսքով որքան զվարճացրեց մեզ՝ հայաստանաբնակ հայությանը, եւ ոչ միայն ՀՀ քաղաքացիներիս, այլեւ սփյուռքահայությանն ընդհանրապես, ամերիկահայ համայնքին՝ մասնավորապես:

Բանն այն է, որ հունիսի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան նշանակված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղ է հասել: Կոնկրետ՝ Սպիտակ տուն, եւ Բարաք Օբամային է հանձնել իր հավատարմագրերը:

«Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին»,- առավոտից հաղորդում են հեռուստաընկերությունները՝ միաժամանակ ցույց տալով Օբամա-Սարգսյան ջերմ ձեռքսեղմումը պատկերող լուսանկարը:

Հիանալի է: Ինչպես ասում են՝ «չուտես-չխմես», միայն նայես էդ նկարին ու լսես Օբամայի խոսքը:

Ախր, շատ զվարճալի է՝ «դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները կծառայեցնի…»:

Դե, քանի որ Օբաման է այսպես գնահատում Տիգրան Սարգսյանին, շփոթված նորից մտնում ենք համացանց՝ կրկին անգամ հասկանալու, թե այդ ի՞նչ «հարուստ փորձի եւ գիտելիքների» մասին է խոսքը, որով օժտված է եղել վեցամյա վարչապետական գործունեություն ծավալած անձը, եւ որ ամենակարեւորն է՝ ինչպե՞ս է նա իր այդ «հարուստ փորձն ու գիտելիքները» ծառայեցրել սեփական երկրին ու դեռ մի բան էլ շարունակելու է ծառայեցնել:

Կարելի է կարծել, որ Սպիտակ տանը համացանց չեն մտնում, կամ էլ այստեղ դեսպան չունեն, որ մի երկու բան ասած լինի և Օբամային անհարմար դրության մեջ չդնի:

Իսկ մենք երբ համացանցում գրում ենք «Տիգրան Սարգսյան» և միացնում որոնողական համակարգը, անմիջապես այնպիսի վերնագրեր ենք տեսնում, որ ստիպված ենք լինում վերստին հիշել նախկին վարչապետի «հարուստ փորձն ու գիտելիքները»:

«Հարբած Տիգրան Սարգսյանը», «Տիգրան Սարգսյան, դու ստախոս ես», «Տիգրան Սարգսյանի կառավարության սկանդալային թոփ տասնյակը», «Տիգրան Սարգսյանի 5 տարիների պերճանքն ու թշվառությունը», «Տիգրան Սարգսյան երեւույթը պետք է հեռանա ոչ միայնակ», «Տիգրան Սարգսյան-Նավասարդ Կճոյան խայտառակությունը» ...

Այս եւ նմանատիպ հազարավոր վերնագրեր կարելի է տեսնել համացանցում:

Այսինքն, սրանք վերնագրեր չեն, նախկին վարչապետի «հարուստ փորձի ու գիտելիքների» վկայություններն են մեր կյանքում, որ ՀՀ քաղաքացիներն անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգացել անցած վեց տարիներին: Ամենաբացասական եղանակով:

Նրա ունեցած «հարուստ փորձի եւ գիտելիքների» իրեղեն ապացույցը ՀՀ վիճակագրական ծառայության և վերահսկիչ պալատի հրապարակած զեկույցներն են. քանդված տնտեսություն, արտագաղթի ու աղքատության ծավալների աճ, արտաքին ներդրումների նվազում, հարկային տեռոր, «ատկատների» պաշտոնականացում, կովերի կթման դասընթացների պատրվակով միլիոնավոր դոլարների մսխում (ընդ րում՝ ամերիկյան ծագման միլիոնների), ամենաթանկ գնով ձեռք բերված չաշխատող բիոզուգարաններ եւ այլն, եւ այսպես շարունակ:

Օֆշորային սկանդալի մեջ ներգրավված լինելու փաստը նույնպես գալիս է նրա «հարուստ փորձից եւ գիտելիքներից»:

Վարչապետի պաշտոնից ազատվեց, ու պարզ դարձավ, որ «Նաիրիտի» սեփականատերը չկա, հիմա ողջ երկրով ընկած՝ նրան ենք փնտրում:

Գուցե Տիգրան Սարգսյանն իր «հարուստ փորձով եւ գիտելիքներով» օգնի՞ մեզ գտնել այդ մարդուն, քանի որ վեց տարի նույն ինքը՝ նախկին վարչապետն էր «վերակենդանացնում» «Նաիրիտը»՝ հընթացս իր բարեկամի համար բարձր աշխատավարձ ապահովելով նույն այդ կառույցում:

Այսպիսի «հարուստ փորձ» է կուտակել նորանշանակ դեսպանը, որն իր այս փորձով ու գիտելիքներով հիմա էլ ծառայելու է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների խորացման գործին:

Դե, երեւի, սկզբի համար Օբամային կառաջարկի մեռելոցներ սահմանել ու …գնա՜ց:

Ամեն դեպքում, դեսպան Սարգսյանի դեմ ստորագրահավաք նախաձեռնած ամերիկահայ համայնքը վերջերս համալրածները լավ են ճանաչում նրան, ով վեց տարի Սերժ Սարգսյանի հետ այնպես կառավարեց երկիրը, որ իրենք հայտնվեցին ԱՄՆ-ում, այսինքն՝ փախան Սերժ եւ Տիգրան Սարգսյանների «ապահով Հայաստանից» դեպի «Հայկական աշխարհ»:

Հիմա տեսնենք, թե Միացյալ Նահանգներում ինչպես է նա իր «հարուստ փորձն ու գիտելիքները» ծառայեցնելու երկու երկրների ու ժողովուրդների համագործակցությանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը