Քաղաքական

04.09.2009 17:17


Հայ դիվանագետները չե՞ն տիրապետում ղարաբաղյան հիմնախնդրին

Հայ դիվանագետները չե՞ն տիրապետում ղարաբաղյան հիմնախնդրին

-Ե՛վ բանակցողները, և՛ քաղաքական գործիչները պետք է տիրապետեն նյութին, սակայն մինչ օրս նյութին կարգին չենք տիրապետում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։  

Նա  կարծիք է հայտնել, որ եթե մեր երրորդ հանրապետության առաջին ՀՀՇ-ական քաղաքական ղեկավարությունը կարգին տիրապետեր ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող իրավական փաթեթի նյութին, ապա 1992-ին չէր ասի, որ խնդրի լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության ճանաչումն է Ադրբեջանի կազմում։ Քաղաքագետը նշել է, որ վերջին ժամանակներս կարծես «սայլը տեղից շարժվել է»։

-Միակ փաստաթուղթը Մադրիդյան սկզբուքներն են, որտեղ բաց տեքստով Ադրբեջանի տարածքային ամբողջականության  մասին ոչինչ չկա, բայց դա չի նշանակում, որ Մադրիդյան սկզբունքները մեզ համար վտանգավոր չեն։ Գրեթե չկա մի դրույթ այդ սկզբունքների մեջ, որը հնարավոր չլինի մեկնաբանել հօգուտ Ադրբեջանի։ Բայց դիվանագիտության և քաղաքականության խնիրն այն է, որ հետագա գործընթացում այդ երկակի մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները մեկնաբանվեն մեր օգտին։

Այն, որ հայ դիվանագետները չեն փայլում ճկուն դիվանագիտությամբ, նշել է նաև քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

-Ցավոք, ևս մեկ անգամ հաստատում եմ, որ մեր դիվանագիտական կազմում ոչ բոլորն են  բավարար մակարդակով ճանաչում խդիրը։ Ես սխալ եմ համարում, երբ մեր արտաքին գործերի նախարարն անում է լրագրողների համար անհասկանալի արտահայտություն, կրկնում է այն երկրորդ, երրորդ անգամ, բայց  էլի չի հասկացվում, և մյուս օրը նրա մամլո քարտուղարը փորձում է բացատրել, թե ինչ էր ուզում ասել նախարարը։ Այդպես չպիտի լինի։ Կարծիքը պետք է լինի հստակ, բանձևված և մատչելի հանրության համար,-փաստել է քաղաքագետը։

Նրա պնդմամբ՝ Ղարաբաղում տարածքներ հանձնել-չհանձնելու մասին խոսակցություններն են նույնիսկ անբարոյական։

-Ոչ մեկը՝ սկսած նախագահից, իրավունք չունի տարածքներ տալ-չտալու հարցերի շուրջ խոսել, որովհետև դա անբարոյական է։ Ե՛վ բարոյական, և՛ ռազմական, և՛ իրավական տեսանկյունից մենք ոչինչ չունենք հանձնելու։ Ինչո՞ւ պիտի հող տանք. միայն նրա համար, որ վերջին տասնամյակում այնտեղ  հայ չի՞ ապրել։ Վերջին տասնամյակներում Նախիջևանում էլ հայ չի ապրում, Արևմտյան Հայաստանում էլ, բայց դա չի նշանակում՝ մենք պետք է մոռանանք մեր պատմական հայրենիքը, մեր պապերին...,-նշել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը