Մեկնաբանություն

17.07.2014 10:36


Ինչո՞ւ է «Գեբելսյան» քարոզչամեքենան քննադատում նաև Սերժ Սարգսյանին

Ինչո՞ւ է «Գեբելսյան» քարոզչամեքենան քննադատում նաև Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կեղծվեցին ոչ միայն ընտրությունները, այլ նաև հասարակական ու քաղաքական կյանքի գրեթե բոլոր մասերը, այդ թվում՝ ընդդիմադիր խոսքն ու լրատվական դաշտը։

Իշխանություններն ընդդիմությունից ավելի շատ են խոսում կոռուպցիայի, անարդարության ու բացասական մյուս երևույթների մասին։ Ինչքան մեծանում է թալանը իշխանության վերին օղակների կողմից, այնքան ավելի բարձր են նրանք մտահոգություն հայտնում այդ ամենի մասին՝ «Գողն ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»» ծրագրի շրջանակներում։

«Վերջի բոլշևիկը» խնդիր է դրել սեփականության ու կանխիկ գումարի առավելագույն կենտրոնացում ապահովել։ Իսկ դա չի կարող առանց ցնցումների տեղի ունենալ։ Սեփականության վերաբաշխման չընդհատվող գործընթացի արդյունքում մի մասն արտագաղթեց, մյուս մասն իր փայերը կիսվեց Սերժ Սարգսյանի բարեկամների հետ, իսկ երրորդներն անցան ընդհատակ և ատամները կռճտացնելով աշխատում են։

Խոշոր սեփականատերերից միայն Գագիկ Ծառուկյանն է համակարգված ձևով դիմադրություն ցույց տալիս Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան քաղաքականությանը։ Եվ ահա, այդ դիմադրությունը կոտրելու և Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ մոնոպոլիզացնելու նպատակով Բաղրամյան 26–ն իր «Գեբելսյան» քարոզչամեքենայով հարձակվում է բոլոր այն սուբյեկտների դեմ, որոնք խոչընդոտում են Հայաստանում նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ թուրքմենբաշիական կառավարման համակարգի ներդրմանը։

Թող զարմանալի չթվա, բայց «Գեբելսյան» քարոզչամեքենայի հիմնական թիրախներից է նաև ՀՀԿ–ն, քանզի սեփականության վերաբաշխման ու կենտրոնացման համար հարկավոր է կուլակաթափ անել նախ և առաջ այդ կառույցը։

Ու որպեսզի «անկախ» մամուլի գործունեությունը քիչ թե շատ արդյունավետ լինի և արտաքուստ ընդդիմադիր կամ անկախ թվա, հրահանգված է քննադատել նաև Սերժ Սարգսյանին։ Այդ մոտեցման գաղափարախոս, ի դեպ, կարելի է համարել ՀՀԿ խմբակցության անդամ, երբեմնի ընդդիմադիր և հավերժ ռուսահպատակ («պասպորտով») Արտաշես Գեղամյանին՝ «դհոլին»։

Ինչպես հայտնի է, «ընդդիմադիր» աշխատած տարիներին Գեղամյանը հայտարարել էր, որ իր անունը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ, քանզի գիտեն, որ ում անունը կապվի այդ մարդու հետ, անմիջապես կվարկաբեկվի։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի աշխատանքային սկզբունքն ամբողջությամբ տեղավորվում է Գեղամյանի ասածների մեջ։ Բաղրամյան 26–ում շատ լավ գիտեն, որ Գեղամյանը ճիշտ է, այսինքն՝ ում անունը Սերժի հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի։ Դրա համար էլ իրենց տակ աշխատող «անկախ» մամուլին ու «թունդ ընդդիմադիր» հաճախորդներին թույլատրում են, ավելի ճիշտ՝ ստիպում են քննադատել նաև Սերժ Սարգսյանին, որպեսզի ձեռքի հետ էլ սրանք կարողանան զբաղվել իրենց բուն գործով՝ Սերժի ընդդիմախոսների դեմ աշխատելով։

Եվ այսպես, «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործունեությունը շատ պարզ է։ Եթե «լրատվամիջոց» կամ «քաղգործիչ» կոչվածը թունդ բառապաշարով քննադատում է Սերժ Սարգսյանին, բայց չի մոռանում նշել, որ պետք է պայքարել նաև ոչիշխանական «քառյակի» ու դրա մաս կազմող ուժերի դեմ, և որ պետք է հույսը դնել վերացական քաղաքացիական հասարակության և «դուխով տղերքի» վրա, ապա կարող եք չկասկածել, որ գործ ունեք «ազնիվ քյարփինջի» (դա լավագույն դեպքում) կամ Արտաշես Գեղամյանի հոգեզավակի հետ։ Որպես կանոն՝ երկրորդ տարբերակն է լինում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը