Լրահոս

17.07.2014 16:44


Յուրի Հարմաշ. «Փարաջանովի նկարած կադրերը ունեն գեղարվեստական արժեք»

Յուրի Հարմաշ. «Փարաջանովի նկարած կադրերը ունեն գեղարվեստական արժեք»

Այսօր «Մեդիա կենտրոնում» Սերգեյ Փարաջանովի մասին նման կարծիք հայտնեց ուկրաինացի կինոօպերատոր ու լուսանկարիչ Յուրի Հարմաշը: Բանախոսն այցելել է Երևան 11-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացված փարաջանովյան լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու:
«Փարաջանովին առաջին անգամ հանդիպել եմ 1969 թ., և այդ հանդիպումն ու հետագա հանդիպումներն ինձ համար բարության դաս դարձան»,-նշեց Հարմաշն` ավելացնելով, որ իր ու Փարաջանովի ընկերությունը դարձել է կյանքի դաս, որն իր հետ է մինչև այսօր:
«Փարաջանովին լուսանկարելը եղել է շատ հաճելի, հեշտ, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր», - ասաց Հարմաշը և ավելացրեց, որ Փարաջանովի իր բոլոր լուսանկարների բեմադրիչն էր լինում, ինքն էր որոշում, թե ինչպես, որտեղ, ինչ դիրքով կամ միզանսցենայով կարելի է իրեն լուսանկարել:
Ուկրաինացի հանրահայտ լուսանկարիչը Փարաջանովի մասին հիշողություններն ամփոփել է «Կինոօպերատորի ոչ գրական հուշերը» իր հեղինակած պատմվածքում: Հարմաշը որոշ դրվագներ հիշեց ու պատմեց իր և Փարաջանովի հանդիպումներից, ինչպես նաև Փարաջանովի կյանքին վերաբերող այլ հետաքրքիր պատմություններ: Օրինակ` նա պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ Ֆրանսիայի նախագահ Դը Գոլի կինը «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դիտելուց հետո ցանկացել հանդիպել Փարաջանովի հետ: Հայտնի մարմինների ներկայացուցիչները հատուկ զգուշացրել են Փարաջանովին խենթություններ չանել, սակայն Փարաջանովը, Փարաջանով չէր լինի, եթե մի հետաքրքիր բան չմտածեր: Կիևի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկում ապրող Փարաջանովը նախապես պայմանավորվում է շենքի պարեկի հետ անջատել էլեկտրականությունը և վերելակը: Իսկ աստիճանավանդակը մինչև 7-րդ հարկ լուսավորում է նախապես պատվիրված ուկրաինական հարսանեկան հանդիսությունների ժամանակ օգտագործվող հսկա մոմերով և զարդարում է վարդի թերթիկներով: Ահա, թե ինչպիսի գեղեցիկ խենթությամբ է դիմավորում Փարաջանովը Ֆրանսիայի նախագահ Շարլ Դը Գոլի տիկնոջը:
Իսկ Յուրի Հարմաշն իր հիացմունքն արտահայտելով Երևանում Փարաջանովի տուն-թանգարանի մասին միևնույն ժամանակ իր ափսոսանքը հայտնեց, որ ոչ Ուկրաինայում և ոչ էլ Վրաստանում չկա նման տուն-թանգարան:
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին` Հարմաշն ասաց, որ Մայդանում նկարել է ավելի քան 5000 լուսանկար` փորձելով ցույց տալ ազգի ոգին: Հենց այդ ժամանակ նա ծանոթացել է Ուկրաինայի քաղաքացի ազգությամբ հայ Սերգել Նիգոյանի հետ և մահից մոտ մեկ ամիս առաջ լուսանկարել է նրան:
«Սերգեյ Նիգոյանի լուսանկարները չհասցրեցի տալ իրեն, բայց իմ պարտքն եմ համարում պատրաստել Սերգեյի մեծ դիմանկարն ու նվիրել այն իր ծնողներին», - հայտարարեց Հարմաշը` հավելելով, որ Սերգեյն Ուկրաինայի իսկական պաշտպան էր:

Այս խորագրի վերջին նյութերը