Տնտեսական

18.07.2014 15:41


Հայաստանում Իրանի դեսպան. «Առկա գազատար խողովակները տարանցման համար պիտանի չեն»

Հայաստանում Իրանի դեսպան. «Առկա գազատար խողովակները տարանցման համար պիտանի չեն»

Այսօրվա ասուլիսին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանի գազն այլ երկրներ հասցնելու և Հայաստանը գազի տարանցիկ երկիր դարձնելու համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, ինչի համար էլ զգալի ներդրումներ են անհրաժեշտ։ Նա հավելել է նաև, որ առկա գազատար խողովակները տարանցման համար պիտանի չեն։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ և կարող ենք գազի ոլորտում լավ համագործակցել»,- նշել է Մոհամմադ Ռեիսին:

Պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք պաշտոնական Երևանում համագործակցության ցանկություն, նա ասել է. «Էներգակիրների տարանցման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք, իսկ ՀՀ կառավարությանը՝ ժամանակ: Եթե ստեղծվեն համապատասխան տրամաչափի խողովակներ, ապա որևէ խնդիր չի լինի Հայաստանի միջոցով տարանցելու»։

Ինչ վերաբերում է նրա՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ Հայաստանին Ռուսաստանից ավելի ցածր սակագնով գազ մատակարարելու կապակցությամբ, դեսպանն ասել է. «ՀՀ էներգետիկայի նախարարը պետք է այց ունենա Իրան. գուցե այդ խնդիրն այնտեղ քննարկվի: Բայց մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ բոլո՛ր ոլորտներում համագործակցել»։

«Ախթամար» արևային սարքի հեղինակ Վահան Համազասպյանի հանդիպման մասին էլ դեսպանը պարզաբանել է. «Ես ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ նման կերպ մեկնաբանեցին դա. այն, ինչը տվյալ լրատվամիջոցը ներկայացրել էր, ընդհանրապես չէր արծարծվել այդ հանդիպմանը: Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ն պետք է ճշտապահ լինի և ներկայացնի իրողությունը: Դրվատանքի է արժանի այն աշխատանքը, որ արել է Համազասպյանը: Նա ուղղակի ինձ հրավիրել էր այցելել կենտրոն, որպեսզի տեսնենք, թե արդյոք կա՞ն համագործակցության եզրեր: Իրանում ևս մեծ աշխատանք է տարվում արևային էներգիայի ստացման համար», – ասել է դեսպանը։

Այս խորագրի վերջին նյութերը