Լրահոս

04.09.2009 18:23


Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 4-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել  և դրական եզրակացություն է ստացան մի խումբ օրինագծերի:

 «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացմամբ առաջարկվում է որպես «Շախմատի օր» հռչակել մայիսի 20-ը՝ ի պատիվ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի՝ 1963 թվականի մայիսի 20-ին տարած մեծ հաղթանակի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքները լրացնել դրույթով, որը սահմանում է.

«Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  և Վրաստանի Հանրապետության  Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի  նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ»:

«ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության նպատակը բռնության ենթարկված լրագրողների և նրանց ընտանիքների անդամների շահերի պաշտպանությունն է: Սահմանվում են տուգանքներ և այլ պատժատեսակներ:

«ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել նաև 

«ՀՀ վաստակավոր գրադարանավար» կոչումը:

Մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը  հեղինակների առաջարկով հետաձգվել է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են միջազգային պայմանագրեր:

Քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի (հետագայում՝ ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ ինքը ևս պատրաստվում է հարցի հետ կապված այլընտրանքային մեկ այլ նախագիծ ներկայացնել և Լ. Ալավերդյանին առաջարկել է համագործակցել ու համաձայնության դեպքում համատեղ նախագծով հանդես գալ, ինչը ընդունվել է Լարիսա Ալավերդյանի կողմից: Հանձնաժողովը որոշել է հարցի քննարկումը հետաձգել մինչև 30 օրով:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննության է առել աշնանային նստաշրջանի և առաջին քառօրյա  նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար ներկայացված հարցերը:  

Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Վաչե Գաբրիելյանը պարզաբանել է, որ նպատակ ունեն վերանայել օրենսդրական այն նորմերը, որոնք անհնար են դարձնում առևտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ պատգամավորներին առաջարկել է դրական գնատահել  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը՝ նշելով, որ առաջարկներ դրա վերաբերյալ չեն ստացվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը