Լրահոս

05.09.2009 10:44


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման հարցում առաջնորդվում է իր ծրագրային հիմնադրույթներում ամրագրված այն մոտեցումով, ըստ որի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության մասնակցության չափն ու ուղենիշերը պայմանավորված պետք է լինեն ազգային, պետական իրատեսական շահերով: Միաժամանակ, կուսակցության դիրքորոշման համաձայն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը այլնըտրանք չունի:

2009թ-ի փետրվարի 12-ին ԲՀԿ 4-րդ համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց ԲՀԿ մոտեցումները հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման առնչությամբ, նշելով, որ երկու ժողովուրդները, լինելով հարևաններ, պետք է ունենան միմյանց հետ հարաբերվելու միջազգայնորեն ընդունված հնարավորություններ, իսկ տարածաշրջանում չպետք է մնան փակ սահմաններ:

Առաջնորդվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական-ծրագրային վերոնշյալ հիմնադրույթներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների կապակցությամբ մենք գտնում ենք, որ

1.     hրապարակված փաստաթղթերում, ընդհանուր առմամբ, արտացոլված են առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԲՀԿ մոտեցումները, որոնք ընկած են նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում:

2.     Գտնում ենք, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: Կոշտ կամ պարտադրանքների ճանապարհով տվյալ հիմնահարցի արծարծումը համարում ենք առավել անիրատեսական:

3.     Մեզ համար ընդունելի է, որ նախաստորագրված արձանագրություններում բացակայում է որևէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը որպես նախապայման թուրքական կողմը բազմիցս ներկայացրել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ:

4.     Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ է նաև միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտա կառավարական  ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

 

                                               «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության քաղաքական խորհուրդ

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը