Մեկնաբանություն

21.07.2014 09:47


Մեկ մարդու Սահմանադրություն

Մեկ մարդու Սահմանադրություն

Հայաստանում փորձ է արվում մեկ մարդու շահերը սպասարկելու համար Սահմանադրություն փոխել։

Սահմանադրությունն ուզում են փոխել, որպեսզի պահպանեն մեկ մարդու՝ փող հավաքելու իրավունքը։

Մեկ մարդու Սահմանադրություն լինում է միայն տոտալիտար և անձնակենտրոն համակարգերում կամ այն դեպքում, երբ փորձ է արվում նման համակարգ ստեղծել։ Սերժ Սարգսյանի պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։

Նա Տիգրան Սարգսյանի հետ միասին «մեկ մարդու տնտեսություն» էր կառուցում և սարսափելի արդյունքների հասավ այդ գործում (տնտեսական անկում, արտագաղթ, կապիտալի արտահոսք, բիզնես միջավայրի վատացում, գաղջ մթնոլորտ, մարդկանց նեղ խմբի կտրուկ հարստացում, սեփականության վերաբաշխում մի շարք ոլորտներում և այլն), սակայն մինչև վերջ չկարողացավ գնալ, քանզի քաղաքական դաշտից ու խոշոր սեփականատերերի խավից (Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ) դիմադրության հանդիպեց։

Հիմա Ս. Սարգսյանի համար միջանկյալ փուլ է։ Նա ուզում է նեոբոլշևիկյան համակարգի ներդրմանը նպաստող սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի կարողանա նախ վերարտադրվել, ապա նաև ավարտին հասցնել «մեկ մարդու տնտեսության» կառուցումը։

Միայն քաղաքականապես անմեղսունակները, Սերժի նեղ շրջապատի մարդիկ, Բաղրամյան 26–ի կամակատարները և «կուրությամբ» տառապող «փորձագետները» չեն ընդունում, որ առաջարկվող փոփոխությունները բացառապես Սերժ Սարգսյանի համար են արվում։

Գործող Սահմանադրությունը նրան «կաղ բադիկ» է սարքել։ Եվ ահա, այդ վիճակից դուրս գալու և վաղը «գենսեկի» կարգավիճակով մեր տնտեսության «սաշիկացումն» ավարտին հասցնելու համար էլ ուզում են փոխել Սահմանադրությունը։

Թող, ուրեմն, իզուր տեղը որոշ մարդիկ դեմագոգիայով չզբաղվեն, թե, իբր, Բաղրամյան 26–ում այնքան են մտահոգված մարդու իրավունքների հարցով, և այնքան են ուզում ապակենտրոնացնել իշխանությունն ու պետական կառավարման համակարգում ներդրնել զսպումների մեխանիզմը, որ ստիպված են գնալ փոփոխությունների։

Նման բան չկա։ Սերժ Սարգսյանն անձամբ ի՛ր համար և ցմահ իշխելու նպատակով է ուզում կարել նոր հիմնական օրենքը, ինչն աննախադեպ երևույթ է նորանկախ Հայաստանում։

Դատելով ամենից՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովականներին հանձնարարված է թամաշայով զբաղվել ու ժամանակ ձգել՝ տեսնելու համար, թե ինչպիսի զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում, և ինչպիսի քայլեր կիրականացնի ոչիշխանական «քառյակը»։

Եթե «քառյակը» «ռասկաչկա» սկսի ու, միևնույն ժամանակ, «հումանիտար միջանցք» թողնի Սերժ Սարգսյանին, ապա կունենանք անցնցում և անարյուն իշխանափոխություն արդեն այս աշնանը։

Եթե Սարգսյանն, անկախ ամեն ինչից, որոշի գնալ սահմանադրական փոփոխությունների, ապա հանրաքվեն սահուն կվերածվի «Վերջի բոլշևիկի» անվստահության գործընթացի։ Սա համեմատաբար կոշտ տարբերակ է։

Թե ինչպիսին կլինեն զարգացումները, պարզ կդառնա արդեն սեպտեմբերին, երբ ներքաղաքական դաշտում կհստակեցվեն սուբյեկտների տեղերն ու դերերը, ինչպես նաև պարզ կդառնա, թե որքանով է հաջողվել հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել։

Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը, հասարակական խմբերն ու ազդեցիկ անհատները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ մի կողմ դնելով անցյալի «նստվածքն» ու գնալով անսպասելի և ոչ ստանդարտ քաղաքական քայլերի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը