Մեկնաբանություն

21.07.2014 23:00


Սերժ Սարգսյանն իր ուղին ընտրել է

Սերժ Սարգսյանն իր ուղին ընտրել է

Ամեն անգամ հետեւելով ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների հարցազրույցներին (հատկապես սահմանադրական փոփոխությունների մասով տրված նրանց գնահատականներին) գործող իշխանության բուռն եւ նույնիսկ հիստերիկ արձագանքներին, այլեւս տարակույս չի մնում, որ Սերժ Սարգսյանն իսկապես մի «մուխանաթ» բան է նախապատրաստում:

Ապրիլի 22-ին «2rd.am» կայքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ասել էր հետեւյալը. «Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաեւ արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»:

Երկրորդ նախագահի այս գնահատականներն այնքան ցավագին ընդունեցին Բաղրամյան 26-ում, որ հերթով ՀՀԿ-ականներին տեքստեր բաժանեցին, որոնց միջոցով վերջիններս «հակադարձեցին» Ռոբերտ Քոչարյանին:

Ավելին ճիշտ՝ նրանց բերանով խոսեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնողը՝ Սերժ Սարգսյանը:

Երկար ժամանակ իրեն «հանդուրժողականության էտալոն» ներկայացնող Սերժ Սարգսյանին նյարդայնացնում է իր նախորդների դիտարկումներն ու գնահատականները:

Հիմա էլ, երբ նույն թեմայի շուրջ խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերջինիս գնահատականներին հետեւեց ավելի ջղաձիգ արձագանք:

Դե, որովհետեւ հոկտեմբերի 15-ը այնքան էլ հեռու չէ, բացի այդ՝ աշնանը քաղաքական զարգացումներ են սպասվում, որի հեղինակը ոչիշխանական ուժերի Քառյակն է:

«Սարգսյանական ռեժիմն այսօր սեւեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով (վերջինիս խայտառակ դերակատարությունն այս ծրագրի իրականացման գործում առանձին թեմա է, որին թերեւս կանդրադառնամ մի այլ առիթով)։ Ավելի պատկերավոր ասած, Հայաստանում եւ Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմն զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը, ով նաեւ նկատել է, որ սահմանադրական փոփոխություններին կտրականապես դեմ են լուրջ քաղաքական ուժերը, սակայն իշխանությունների, հատկապես Սերժ Սարգսյանի համար գլխավոր խոչընդոտը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն է, ինչը փոխելու համար Սերժ Սարգսյանը բլիթի (սիրաշահելու) եւ հնարավոր է նաեւ՝ մտրակի (սպառնալիքների և շանտաժի) քաղաքականություն է իրականացնում եւ կարող է իրականացնել:

«Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը»,- շարունակելով խոսքը՝ համոզմունք է հայտնել ՀԱԿ առաջնորդը:

Պարզից էլ պարզ է (իշխանությունները դա չեն էլ թաքցնում), որ սահմանադրական փոփոխությունները պետք են բացառապես Սերժ Սարգսյանին, ով որպես «Վերջի բոլշևիկ» չի ուզում հեռանալ, այլ նպատակ է դրել ցմահ մնալ աթոռին։

Սերժ Սարգսյանն ընտրել է սխալը սխալից հետեւից գործելու եւ որպես իսկական բոլշեւիկ՝ մինչեւ վերջ գնալու ճանապարհը: Այն է՝ հիմնավորապես տապալվելու ուղին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը