Մեկնաբանություն

22.07.2014 10:32


Պահել ստատուս քվոն ու փոխել մեկ այլ ստատուս քվո

Պահել ստատուս քվոն ու փոխել մեկ այլ ստատուս քվո

Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց այն օգտագործելու «դաբրոն» չի տալիս։ Ռուսաստանին ձեռնտու է Ղարաբաղի շուրջ ձևավորված ստատուս քվոյի առկայությունը։ Այդ հարցում մեր շահերը համընկնում են, բայց դա հավերժ չէ, քանզի ամեն ինչ կախված է ուժերի հաշվեկշռից։

Եթե Հայաստանը շարունակի թուլանալ, իսկ Ադրբեջանը՝ լցվել նավթադոլարներով, եթե Հայաստանը շարունակի արտաքին ասպարեզում կորցնել իր դիրքերն ու սուբյեկտայնությունը, իսկ Ադրբեջանը՝ դառնալ ցանկալի գործընկեր ՌԴ–ի ու Արևմուտքի համար, ապա մի օր բոլորը կգան այն համաձայնության, որ ստատուս քվոն պետք է փոխել, և Հայաստանը մենակ կմնա (Ս. Սարգսյանի վարած քաղաքականությունը դրան է տանում)։

Արևմուտքն Ադրբեջանին պատերազմ սկսելու «դաբրո» տալիս է (ամերիկացիներն ագրեսիվ տոնով պահանջում են Ղարաբաղի յոթ շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, ինչպես նաև դեմ են արտահայտվում ստատուս քվոյի պահպանմանը), բայց դա թևեր չի տալիս Բաքվին, քանզի այնտեղ էլ են հասկանում, որ պետք է ռուսների հետ լեզու գտնել այդ հարցում։

Անկարայում ու Բաքվում համոզված են, որ միայն ՌԴ–ին այս տարածաշրջանից դուրս մղելով (կամ ռուսների հետ համաձայնության գալով) է հնարավոր լուծել Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի հարցերը։ Իր էներգետիկ ծրագրերը կյանքի կոչելու համար ռուսներին կովկասյան տարածաշրջանից հեռացնելու սցենարը ձեռնտու է նաև Արևմուտքին։

Անկարայում, Բաքվում, Բրյուսելում ու Վաշինգտոնում հաճելիորեն զարմացած էին Սերժ Սարգսյանի «արևմտամետ» կուրսից և այդ իսկ պատճառով էլ ակտիվորեն աջակցում էին ընտրակեղծիքներին, քանզի «Եվրաասոցացում» անվան տակ դարի գործարք էին իրականացնելու Հայաստանի նախաձեռնությամբ և Հայաստանի հաշվին։

Բաքուն և Անկարան տարիներ շարունակ ձգտում էին հասնել հայ–ռուսական հարաբերությունների փչացմանը, բայց չէին կարողանում։

Այն, ինչ չէր հաջողվում մեր թշնամիներին, Սերժ Սարգսյանին հաջողվեց իրականացնել վերջին երեք–չորս տարիներին՝ հընթացս փչացնելով նաև Հայաստան–Արևմուտք հարաբերությունները։

Ի դեպ, հետպատերազմյան ստատուս քվոն փոխելուն միտված եվրաասոցացման գործընթացն ակտիվորեն քարոզում և թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ աշխատում էին «1in.am»–ներն ու 5–րդ շարասյան այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դավիթ Շահնազարյանը, Իգոր Մուրադյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Ենոքյանը և սրանց նմանները։

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն այժմ բերել է այն բանին, որ Հայաստանի անվտանգության հարցը հայտնվել է Ռուսաստան–Արևմուտք, Ռուսաստան–Ադրբեջան, Արևմուտք–Ադրբեջան, Ռուսաստան–Թուրքիա, Թուրքիա–Արևմուտք հարաբերությունների տիրույթում։ Պաշտոնական Երևանը սեփական նախաձեռնությամբ Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում հանձնվել է Կրեմլին և ընդամենը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն՝ երբեմն–երբեմն հանդես գալով որպես Մոսկվայի շահերի պաշտպան Բաքվի հետ հարաբերություններում։

Մոսկվան այժմ ուզում է Ղարաբաղով գայթակղել Բաքվին (Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում, իսկ Արտաշես Գեղամյանը՝ Բաքվում այնպիսի հայտարարություններ արեցին, որոնք պետք էին ՌԴ–ին Բաքվին որոշ բաներ հասկացնելու և «կտեր» տալու համար), բայց, միևնույն ժամանակ, պահպանել ստատուս քվոն։ Ու քանի որ բնության մեջ նման լուծում հնարավոր չէ գտնել, ուստի Ադրբեջանը հազիվ թե մտնի ԵՏՄ, իսկ Կրեմլն էլ հազիվ թե ստատուս քվոն փոխելու «դաբրո» տա Ադրբեջանին։

Հույս դնել, սակայն, Կրեմլի հաշվարկների ու սեփական շահերի պաշտպանության վրա չի կարելի։ Հետո ի՞նչ, որ Ս. Սարգսյանն այդ տարբերակն է ընտրել՝ իրեն վերապահելով միայն Հայաստանում փող հավաքելու «առաքելությունը»։

Ստատուս քվոն պահելն ու այդ ժամանակահատվածը զարգանալու համար օգտագործելը բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի գործն է։ Չի՛ կարելի հույս դնել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի վրա։ Նրանց հետ կարելի է դաշնակցել, բայց ոչ ապավինել։

Սերժ Սարգսյանը խախտել է ՀՀ անկախության առաջին օրերին հռչակված «3–րդ ուժի բացառման» ռաֆայելիշխանյանական օրենքը և մեզ դրել ծանր դրության մեջ։

Նա, 2008–ից սկսած, հրաժարվեց կոմպլեմենտարիզմից և դարձավ «Պատերազմի» կուսակցության, ինչպես նաև ստատուս քվոն փոխելու կողմնակից։ ՀՀԿ ղեկավարն, ըստ ամենայնի, այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։ Ու հիմա վիճակը շտկելու և բեկում մտցնելու համար անհրաժեշտ է փոխել մեկ այլ ստատուս քվո։ Խոսքս, բնականաբար, ներքաղաքական ստատուս քվոն փոխելու՝ իշխանափոխության մասին է, որը վաղուց վերածվել է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդրի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը