Մեկնաբանություն

22.07.2014 11:58


Սահմանադրական և հակասահմանադրական ուժերը

Սահմանադրական և հակասահմանադրական ուժերը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր երեկվա հարցազրույցում շատ հստակ տարանջատում մտցրեց քաղաքական ուժերի միջև։ Ըստ նրա՝ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են արտահայտվել Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ թիմի վերարտադրությանը նպաստող սահմանադրական փոփոխություններին, լուրջ ուժեր են։

Ելնելով ՀԱԿ առաջնորդի ձևակերպումներից՝ քաղաքական լուրջ ուժ նա համարում է սահմանադրական կարգի պահպանման ուժերին։ Մյուսները, բնականաբար, հակասահմանադրական են դառնում ավտոմատ կերպով, քանզի չեն կարող հակասահմանադրական չլինել բոլոր այն գործընթացները, որոնց շնորհիվ Հայաստանում ձևավորվելու է հետադիմական՝ նեոբոլշևիկյան համակարգ։ Իսկ որ այդպիսի համակարգ է ուզում ներդնել Սերժ Սարգսյանը, կասկածի տեղիք չի տալիս։

Իշխանություններն, ի դեպ, չեն էլ թաքցնում, որ ուզում են «գենսեկի» և «պռեդսեդածել վեռխովնովո սովետա»–ի կարգավիճակով պետական կառավարման համակարգում պահել Սերժ Սարգսյանին, ում հենարանը կդառնան լիսկաներն ու ժելեոտած մազերով երիտլիսկաները։

Եվ այսպես, քաղաքական դաշտում սահմանագիծը սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասողների արանքով է անցնում։ Նրանք, ովքեր կմտնեն սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման տիրույթ՝ թեկուզև դեմ արտահայտվելով առաջարկվող փոփոխությունների այս կամ այն դրույթին, կդառնան սերժամետ և հակասահմանադրական ուժեր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն, պետք է մերժել սահմանադրական փոփոխությունների գաղափարը և վե՛րջ։

Նոր Սահմանադրության հարցը կքննարկվի նոր իշխանության օրոք, քանզի անիմաստ է ընտրակեղծիքների մեջ մասնագիտացած ու այդ գործում կատարելության հասած ուժին վստահել հանրաքվեի կազմակերպում, մանավանդ որ փորձ է արվում ընդամենը պահպանել Սերժ Սարգսյանի՝ փող հավաքելու իրավունքը։

Մեկ մարդու հագով կարվող և Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերը և քաղաքացիական խմբերը, միասնական ճակատ կազմելով, կարող են դառնալ այն միավորը, որը դրական փոփոխություններ կիրականացնի։

Միջանկյալ դիրք այս պայքարում չկա։ Սևի ու սպիտակի արանքում հնարավոր չէ գույն խցկել, մանավանդ որ միջանկյալ դիրքում հայտնվողները կամ երկու կողմին հարվածողները, կամա թե ակամա, կհայտնվեն սև հատվածում։ Այս ձևակերպումը վերաբերում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերին, ինչպես նաև հասարակական ակտիվ խմբերին։

Առաջիկա քաղաքական զարգացումները սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասողների միջև են լինելու։ Եթե կողմ ես Սերժին, ապա կողմ ես սահմանադրական փոփոխություններին։

Եթե կողմ ես իշխանափոխությանն այսօր և այստեղ, ապա պետք է «ոչ» ասես նեոբոլշևիկյան սահմանադրական փոփոխություններին և «այո» ասես լուրջ ուժերի առաջարկած մոտեցումներին։ Ըստ այդմ՝ պայքարի սխեման շատ պարզ է ու հասկանալի։ Պայքար հանուն Հայաստանի, Ղարաբաղի ու Սահմանադրության։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը