Մեկնաբանություն

22.07.2014 15:26


Իրական փոփոխություններն՝ ընդդեմ «սահմանադրականի»

Իրական փոփոխություններն՝ ընդդեմ «սահմանադրականի»

Եվ կրկին փոփոխությունների մասին, բնականաբար՝ սահմանադրական։

Հայաստանին մաքուր օդ է պետք. այն իսկապես գնալով գաղջանում ու գաղջանում է։ Փոփոխություն է պահանջում երկրի առնվազն 80%-ը, որի 37%-ը (ըստ պաշտոնական վիճակագրության) աղքատ է։ Բնակչության մի զգալի հատված պարտքերի, վարկերի, գրավատների ու եսիմինչերի տակ է։ Պատերազմական վիճակում գտնվող երկրում չի դադարում արտագաղթը։ Ադրբեջանը գնդակոծում է սահմանամերձ գյուղի դպրոցը, իսկ պաշտպանիչ պատ շարելու խնդիրը փորձում է լուծել քաղաքացիական նախաձեռնությունը։

Համատարած անկումային ու հոռետեսական տրամադրություններ են։ Տնտեսությունը կաթվածահար վիճակում է։ Ապաշնորհ կառավարման հետևանքով օրեցօր ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը։ Արտաքին ասպարեզում ակնհայտ հեղինակազրկում է մեր երկիրը, իսկ ԱՄՆ–ում դեսպան է նշանակվում տխրահռչակ նախկին վարչապետը, ու, բացի այդ, մեր մասին տեսակետներ է սկսել հայտնել Ղազախստանի արտգործնախարարը։

Սոցիալական, իրավական, էլ չեմ ասում՝ բարոյական անարդարություն ամե՛ն քայլափոխի...

Մի խոսքով, ձախողումներ բոլոր ոլորտներում՝ մարդկային ռեսուրսների լուրջ կորստով։

Ու հանկարծ, «ծիկ»՝ սահմանադրական փոփոխություններ։ Անհեթեթություն։ Ո՞ւմ են դրանք պետք։ Բացառապես նրանց, որոնց իրականում ոչ մի փոփոխություն պետք չէ։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ փոփոխություններից ամենաշատը սարսափում են նրանք, ովքեր խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Փոփոխություններ»՝ հանուն գաղջ մթնոլորտի պահպանման։

Դուք նման «փոփոխություն» ուզո՞ւմ եք։ Եթե ոչ, ապա Ազատության հրապարակը ձեզ է սպասում։ Իրական փոփոխությունների ժամանակն է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը