Լրահոս

22.07.2014 16:44


ԼՂՀ ԱԺ խմբակցությունների և պատգամավորական խմբի հայտարարությունը՝ Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների և պատգամավորական խմբի հայտարարությունը՝ Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի

Հայտարարությունը

Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին: Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»

«Ժողովրդավարություն»

«Հայրենիք» խմբակցություններ և

«Արցախատուն» պատգամավորական խումբ

22 հուլիսի, 2014թ.

ք.Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը