Մեկնաբանություն

23.07.2014 10:50


Քաղաքական դաշտի ինվենտարիզացիան

Քաղաքական դաշտի ինվենտարիզացիան

Որքան էլ իշխանությունները փորձեն լղոզել քաղաքական դաշտը, միևնույն է, անհաջողության են մատնվում։ Ճիշտ է, հաճախորդները կամ «ազնիվ քյարփինջները» որոշակի ժամանակահատվածում և մարդկանց որոշակի խմբի վրա կարողանում են ազդեցություն թողնել, իսկ «անկախ» մամուլն էլ կարճաժամկետում հաջողացնում է կեղծ հարցերով լցնել օրակարգը, սակայն, մեծ հաշվով, քաղաքական դաշտի հիմնական խաղացողները մնում են նույնը։ Նույնն է մնում նաև քաղաքական պայքարի առարկան՝ իշխանությունը։

Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն ուզում են վերարտադրվել, իսկ նրանց հակառակորդները ձգտում են իշխանափախության ու ռեժիմի ապամոնտաժման։ Ըստ այդմ՝ քաղաքական դաշտում կա երկու գլխավոր սուբյեկտ՝ նեոբոլշևիկներն՝ ի դեմս «Վերջի բոլշևիկի» նեղ թիմի, և բուրժուադեմոկրատական կոդով փոփոխությունների ձգտող ուժերն՝ ի դեմս խորհրդարանական ու արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների։

Քաղաքական դաշտի այն հատվածը, որը տարբեր «հիմնավորումներով» կողմ է Սերժ Սարգսյանի վրայով ձևափոխվող սահմանադրական փոփոխություններին, ավտոմատ կերպով հայտնվում է նեոբոլշևիկների կողքին։ Նրանք, ովքեր դեմ են «գենսեկական» համակարգին անցնելուն, չեն մտնում սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ ու «էս գլխից» մերժում են հակապետական այդ միջոցառումը, բուրժուադեմոկրատական ուժերն են ներկայացնում։

Այն սուբյեկտները, որոնք չեն ուզում մտնել այս բաժանման մեջ, կամ ձև են անում, թե, իբր, չեն պատկանում ո՛չ նեոբոլշևիկյան, ո՛չ բուրժուադեմոկրատական հատվածներին, մարգինալներ են կամ «ազնիվ քյարփինջներ», կամ էլ իրենց հայտնի կենդանու տեղ դրած «խաղացողներ»։

Ահա այսպիսին է քաղաքական դաշտի ինվենտարիզացիայի արդյունքը։ Դուր է գալիս ոմանց այս բաժանումը, թե ոչ, ընդունում են նրանք այս բաժանումը, թե ոչ, իրականությունը դրանից չի փոխվում։

Առաջիկայում սպասվում է նեոբոլշևիկյան ու բուրժուադեմոկրատական կոդերով առաջնորդվողների շահերի անխուսափելի բախում, ինչի արդյունքում էլ կլուծվի իշխանության հարցը։ Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց խնդիրը պետք է լինի այդ բախումը կառավարելի դարձնելն ու Հայաստանը ցնցումներից զերծ պահելը։

Սերժ Սարգսյանին պետք են մեծ ցնցումներ, մեզ պետք են հզոր Հայաստան ու Ղարաբաղ։ Հետևաբար, «մարդասիրական միջանցք» է պետք թողնել «Վերջի բոլշևիկի» համար, որպեսզի նա հեռանալուց առաջ ավերածությունների չգնա։ Դա լավ կլինի հա՛մ իր, հա՛մ Հայաստանի համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը