Լրահոս

23.07.2014 14:30


PayPal-ն արդեն հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել Հայաստանում

PayPal-ն արդեն հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել Հայաստանում

PayPal հաշվին եղած գումարը Հայաստանում այսուհետ հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել, ինչպես նաև փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի՝ իդրամի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն գործում է paypal.idram.am կայքը, որտեղ վայրկյանների ընթացքում հնարավոր է իրականացնել գործարքը:

Նարեկ Վարդանյանի խոսքով՝ շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ Paypal-ի լիցքավորում Idram հաշվից:

Բացի Paypal-ից, Իդրամի միջոցով արդեն հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը: Առաջիկայում ինչպես վերոնշյալ, այնպես էլ միջազգային բոլոր համակարգերը շատ ավելի հասանելի կլինեն Հայաստանում՝ «ԻԴՐԱՄ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի և «Իփրայմ Գլոբալ» (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջև համագործակցության շնորհիվ:

Գնահատելով PayPal-ի կանխիկացման այս հնարավորությունը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այն օգտակար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր առցանց ծառայություններ են մատուցում ու վճարվում դրանց դիմաց: «Այս մարդկանց համար մեծ խնդիր էր իրենց գումարի կանխիկացումը, նրանք անցնում էին մի քանի փուլով՝ կորցնելով լուրջ տոկոսներ: Այս հնարավորությամբ լուծվեց ոչ միայն հեշտության հարցը, այլև զգալի գումար է տնտեսվում: Կարծում եմ՝ ավելի շատ մարդիկ կսկսեն իրենց ծառայություններն առցանց վաճառել աշխարհով մեկ», - ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը