Մեկնաբանություն

25.07.2014 12:53


Սերժսարգսյանական օլիգարխիայի վերջին գրոհը

Սերժսարգսյանական օլիգարխիայի վերջին գրոհը

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ առանց ԲՀԿ–ի աջակցության կամ գոնե չեզոքության՝ չի կարող կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, որոնք իր գլխավորած օլիգարխիայի վերարտադրության և Հայաստանում նեոբոլշևիկյան համակարգ ներդնելու համար են արվում (Բաղրամյան 26–ն իր այս նպատակները չի էլ թաքցնում)։

Նա նաև հասկանում է, որ ԲՀԿ–ի աջակցությանը և անգամ չեզոքությանը չի կարողանալու հասնել, ինչը նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կվերածվի իր անվստահության ակցիային՝ դրանից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։

Սարգսյանը սարսափելի վախենում է «փողոցի» ալեկոծումից (դա է պատճառը, որ Սերժի շրջապատը շատ ջղային արձագանքեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հրատապ հարցազրույցին, որովհետև պարզ տեսավ, թե ինչ է սպասվում հրապարակում), քանզի հասկանում է, որ այս անգամ չի կարողանալու կրկնել «Մարտի 1»–ը և ստիպված է լինելու լքել տարածքը։ Այդ վախը նրան ագրեսիվ է դարձրել։

«Վերջի բոլշևիկն» այժմ վերջին գրոհն է նախաձեռնել։ «Անկախ» մամուլը դարձել է ավելի հիստերիկ և ավելի ծիծաղելի։

Ծիծաղելի է «անկախ» մամուլն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն իր Սաշիկի ու երիտսաշիկի միջոցով մխրճվել է տնտեսական հարաբերությունների մեջ և ամբողջությամբ գործում է ստվերում՝ Բաղրամյան 26–ը վերածելով բիզնես կանտորայի ու «քյաշ» փող հաշվող արտադրամասի, բայց, միևնույն ժամանակ, գնահատական է տալիս Գագիկ Ծառուկյանի՝ լավ կամ վատ հարկատու լինելու մասին։

Սերժն, ըստ միջազգային հեղինակավոր պարբերականի գնահատականների, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է (այդ գնահատականը տրվել է, երբ նա պաշտպանության նախարար էր. կարելի է պատկերացնել, թե հիմա ինչ աճ է արձանագրվել «նախաձեռնողի» մոտ)։ Նա այժմ Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է ու մի լումա հարկ չի տվել մեր երկրին՝ սկսած 1988ից (որպես պետական պաշտոնյա՝ ստացած աշխատավարձից պահվող չնչին եկամտահարկը չհաշված)։ Ու այսքանից հետո եթե Սերժին սատարող մամուլը փորձում է «կեղտ բռնել» ուրիշների վրա, պարզապես ծիծաղելի է։

Հայաստանի բոլոր հարկատուները՝ սկսած փոքր կրպակատիրոջից մինչև խոշոր բիզնեսմեն, բարոյական իրավունք ունեն թաքցնել իրենց հարկերը, քանի դեռ Սերժը, Սաշիկն ու երիտսաշիկը դուրս չեն եկել ստվերից։

Բազմագլուխ վիշապի վրա նստած Սարգսյանը սաշիկացման է ենթարկել մեր տնտեսությունը, և այդքանից հետո եթե «անկախ» մամուլը բլբլում է ստվերի դեմ պայքարից ու մյուս բաներից, ապա կարող ենք ասել, որ լկտիությունը նոր «բնագծեր» է նվաճել։

Սերժսարգսյանական օլիգարխիան պետք է բիզնես լյուստրացիայի ենթարկվի, և դրանից հետո միայն «անկախ» մամուլը կարող է խոսել հարկերից ու ստվերային տնտեսությունից։

Ինչ մնում է հիստերիկությանը, ապա «1in.am»–ներն անցել են բոլոր սահմանները։ Սրանք տնտեսության կենտրոնացման ու քաղաքական դաշտը Սերժի տակ մահացնելու նախաձեռնության անունը դրել են «օլիգարխիայի դեմ պայքար» և նույն Սերժից պահանջում են գնալ վճռական գրոհի օլիգարխների դեմ կռվում։

Փաստորեն, Սերժն ինքն իրեն ուզում է ներկայացնել որպես օլիգարխիայի ձեռքը կրակն ընկած ու զոհի կարգավիճակում հայտնված մեկը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Սերժը, «1in.am»–ների հետևում թաքնված, փորձում է հարձակվել Գագիկ Ծառուկյանի վրա, քանզի հասկանում է, որ նրա հետ լեզու գտնել չի կարողանալու։ Այդ անկարողության զգացողությունն է հիստերիկ դարձրել «անկախ» մամուլին, ինչը «շեֆի» հոգեվիճակի հայելային արտացոլանքն է։

Ծիծաղելի և հիստերիկ. ահա՛ այսօրվա իշխանության գնահատականը։ Ծիծաղելիից ու հիստերիկից հետո սաշիկներն ու երիտսաշիկները կհայտնվեն ողորմելի և լքված վիճակում, բայց դա արդեն Սերժի խնդիրն է։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը