Մեկնաբանություն

28.07.2014 09:10


Բաղրամյան 26. սգո ծառայություն

Բաղրամյան 26. սգո ծառայություն

Տիգրան Սարգսյանը գնաց, բայց մեռելոցները մնացին. «օղորմածիկի» միակ «բարեշրջումը»։

Ընդհանրապես, սգո թեման շատ հոգեհարազատ է սերժսարգսյանական իշխանությանը, որի օրոք սուգ է տնտեսության մեջ, արտաքին քաղաքական դաշտում և մյուս ոլորտներում։

Դե, իսկ վերջին շրջանում Բաղրամյան 26–ից հիմնականում ցավակցական հեռագրեր են դուրս գալիս։ Այնպիսի տպավորություն է, որ նախագահական նստավայրը վերածվել է սգո ծառայության։ Այնտեղ ցավակցական տեքստերի վրա այնքան են մասնագիտացել, որ դրանք «շտամպովկա» են անում բարձր արագությամբ։

Սարգսյանին հիմա այլ բան չի էլ մնացել անելու։ Նա կա՛մ պետք է ցավակցական (երբեմն՝ նաև շնորհավորական) հեռագրեր ուղարկի, կա՛մ այդ թեմայով հեռախոսազրույցներ ունենա, կա՛մ երկրի ներսում մասնակցի հարսանիքի, ծնունդի, կնուքի կամ քելեխի։

«Վերջի բոլշևիկը» հանրությանն ասելիք չունի։ Նա իր ասելիքը վաղուց ասել է՝ 10 զոհերի գնով մտնելով Բաղրամյան 26 և երդման արարողությունը կազմակերպելով սպանվածների քառասունքի օրը։

Սերժի փոխարեն այժմ խոսում և ցուցադրում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Դա էլ յուրօրինակ սգո արարողություն է, քանզի առաջարկվող սահմանադրական փոփոխություններով քարոզվում է Հայաստանի մահը։

Ս. Սարգսյանին քիչ է թվում այն, որ իր կառավարման տարիներին հայ ժողովուրդը սգի մեջ հայտնվեց՝ դառնալով ավելի աղքատ, գործազուրկ ու սեփականությունից զրկված և ավելի քան 300 հազարի չափով համլրելով Տիգրան Սարգսյանի սիրած «Հայկական աշխարհը»։ ՀՀԿ ղեկավարն, ահա, ուզում է այդ սուգը հավերժացնել՝ փորձելով «գենսեկի» կարգավիճակով վերարտադրվել։

Հայ ժողովրդին, հետևաբար, սգից կարող է հանել միայն իշխանափոխությունը։ Ժամանակն է դադարեցնել Բաղրամյան 26–ի՝ սգո ծառայություններ մատուցելու ֆունկցիան։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը